Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքնենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 17 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, ապա առաջ ընթացել, բախվել երկաթե սյանը ու մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը: