Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Դավիթ Մեյթիխանյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Խոր Վիրապի վարչական տարածքում՝ դեպի Երասխ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի երկաթե սյանը, ապա կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և կամրջից ընկել ու կողաշրջված վիճակում հայտնվել չգործող ջրատարում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացնում են հերթապահություն:
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։