Ուժերի համաչափությունն այնպիսին էր՝ հանգիստ կարող էին ընդամենը հրելով մարդկանց տարածքից հանել


Ուժերի համաչափությունն այնպիսին էր՝ հանգիստ կարող էին ընդամենը հրելով մարդկանց տարածքից հանել
Հունիս 29 20:57 2024

Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակի կիրառման հետևանքով ձեռքի դաստակը մասամբ կորցրած Եսայի Քարամյանը երկրորդ անգամ է վիրահատվել, առաջիկայում՝ նախատեսվում է նաև երրորդ վիրահատությունը։

«Զգացողությունս լավ է, որ ասեմ՝ անթերի՝ սուտ կլինի, ցավեր կան, բայց կանցնենք։ Երկրորդ վիրահատությունը արվել էր պրոֆիլակտիկ նկատառումներով։ Հիմա պատրաստվում ենք երրորդ վիրահատությանը, հիմա բժիշկները փորձում են վերքերը բերել այն վիճակին, որ հնարավոր լինի արդեն երրորդ վիրահատությունն իրականացնել, լինելու է մաշկի փոխպատվաստում։ Հատվածներ կան՝ աջ դաստակի վրա, որտեղ մաշկային ծածկույթը բացակայում է, պետք է փոխպատվաստում լինի, որ վերքերն ապաքինվեն, առանց դրա՝ չի լավանա »,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասնեց Եսայի Քարամյանը։

Անդրադառնալով հունիսի 12-ի դեպքերին և իշխանության քարոզչամեքենայի կողմից շահարկումներին, թե իբրև նռնակը վերցրել է՝ ոստիկանների ուղղությամբ նետելու համար՝ Քարամյանը նշեց, որ այդ թեզն անբարոյականություն է․ «Նման մատից ծծած ինչ-որ թեզեր միանգամից շրջանառության մեջ նետելն առնվազն պատիվ չի բերում իրենց։ Չնայած՝ ումից ենք ինչ պահանջում կամ ակնկալում։ Նման մտադրություն․ բնականաբար, չի եղել»։

Իսկ թե, ի վերջո, ինչ է կատարվել հունիսի 12-ին՝ նախապես ծրագրված սադրա՞նք էր՝ նաև ոստիկանության կողմից, արդյո՞ք իրավիճակն այնպիսին էր, որ անհրաժեշտություն կար հատուկ միջոցների կիրառման՝ Քարամյանը նշեց, որ չի կարող ասել՝ սադրանք եղել է, թե՝ ոչ, նման տեղեկություն չունի։

«Միգուցե՝ եղել է սադրանք, միգուցե՝ ոչ։ Միգուցե տեղի է ունեցել, չեմ կարող ասել՝ որ կողմից։ Տեսել եմ, որ հրմշտոց է սկսվել, բախում, բայց չեմ կարող ասել, թե որ կողմից է սկսվել, չեմ տեսել»,- պատմեց Քարամյանը՝ համոզմունք հայտնելով, որ հատուկ միջոցների անհրաժետություն բացարձակապես չկար․ «Հենց առաջին օրվանից էլ այդ համոզմունքին եմ, մինչև հիմա էլ՝ որքան վերլուծում եմ՝ այս պահին էլ վստահ եմ, որ որևէ կարիք չկար նման միջոց կիրառելու, նույնիսկ՝ մեկ հատ։ Այնտեղ ուժերի համաչափությունն այնպիսին էր, որ շատ հանգիստ կարող էին ընդամենը հրելով մարդկանց տարածքից հանել։ Նույնիսկ մտրակ կիրառելու անհրաժեշտություն չկար, ուր մնաց՝ հատուկ միջոցներ»։ Եսայի Քարամյանի գնահատմամբ՝ տեղի ունեցածը պաշտոնեական լիազորությունների վերազանցում է, հանցավոր հրամանի իրագործում էր, ինչի նպատակը մարդկանց վախեցնելն էր, տեռորի ենթարկելը, ինչի առնչությամբ Քարամյանը հույս հայտնեց, որ դրան չեն հասել և չեն էլ հասնելու։