Երեկ՝ ապրիլի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ Յուրա Ա․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում՝ «Պրինց» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթբետոնե հատվածին և հայտնվել Ողջի գետում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները որոնողական աշխատանքների արդյունքում ավտոմեքենայից մոտ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերել են վարորդի դին։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով` վարորդն աշխատում էր ՀՀ ՊՆ N զորամասում, նա պայմանագրային զինծառայող էր։