«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարել է, որ ցանկանում են միջազգային ընկերությունների մրցակից կամ գոնե դրան ձգտող ընկերություն դառնալ։ Այդ մասին մարտի 22-ին՝ բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման (ESG) համաժողովի ժամանակ հայտնել է կոմբինատի կայուն զարգացման գծով փոխտնօրեն Աննա Սաղաբալյանը:
Նրա համոզմամբ՝ կայուն զարգացման տեսանկյունից շատ կարևոր է տեղեկատվությունը։ «ESG համակարգում ինձ համար ամեն ինչ սկսվում է մենեջմենթից՝ ինչպես ես գնահատում ռիսկերը, ինչ պարտականություններ ես ստանձնում: Երկրորդ խնդիրը տվյալների վերլուծությունն է: Կարևոր է տեղեկություն տրամադրել ոչ միայն արվածի մասին, այլև՝ թե ինչ ուղղությամբ ես ընթանում: Այսօր շատ քիչ ընկերություններ են հաշվետվություններ ներկայացնում, որոնցից կարելի է դատել, թե ինչ ուղղությամբ են առաջ ընթանում: Եթե նպատակակետը կա, ավելի հեշտ է որոշել դրան հասնելու քայլերը: Զեկույցը պետք է լինի ոչ թե սոսկ արածի մասին, այլ՝ թե ինչ ես արել, ինչ ես անում և ինչ բացթողումներ կան»,- հավելեց Սաղաբալյանը։
Նրա համոզմամբ՝ հաշվետվություններում ոչ մի դեպքում չպետք է գրել, թե ընկերությունը ինչ մտադիր չէ անել կամ ինչին չի հավատում։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն իր հերթին հիշեցրեց, որ ընկերությունը վաղուց է քայլեր ձեռնարկել կայուն զարգացման ուղղությամբ։
«Ընկերություն իմ մտնելուց հետո մենք սկսեցինք աշխատել կայուն զարգացման ուղղությամբ՝ առաջնահերթություններ սահմանելու համար խնդիրների արձանագրմամբ: Պետք է հասկանալ, թե ինչ են ուզում շահագրգիռ կողմերը և համապատասխան առաջնահերթություններ սահմանել:
Լսեցինք փոշու ազդեցությունից դժգոհող քաջարանցիներին, և դրանից էլ սկսեցինք մեր աշխատանքը։ Այս տարի հրանոթներ ենք գնել և փորձարկել: Շահագրգիռ կողմերի արձագանքը դրական էր: Երկու տարվա ընթացքում ձեռք բերված փորձի հիման վրա մենք պետք է կառուցենք ապագան և հաջողություններ գրանցնենք։ Լավագույն փորձը ձեռք է բերվում աշխատանքի ընթացքում, ոչ մի համալսարան դա ձեզ չի սովորեցնի: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կարելի է նման բացառիկ փորձ ձեռք բերել»,- շեշտել է նա։
Ստեփանյանը նշել է, որ նախատեսվում է ընդլայնել արտադրությունը և արտադրանքը հասցնել տարեկան 40 մլն տոննա խտանյութի։ Հիմա պատրաստվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության բաղադրիչի հաշվետվությունը, որն ավելի ուշ կներկայացվի հանրությանը:
Ըստ Ստեփանյանի՝ ամենամեծ մարտահրավերը տեղակայման սահմանափակումներն են։ «Այդ ռիսկերի կառավարումը նոր հնարավորություն է։ Այստեղ դու փնտրում ես ստեղծարար ճարտարապետական լուծումներ և ինժեներական տեսանկյունից անգնահատելի փորձ ես ներմուծում Հայաստան։
Իհարկե, մեր պարտականություններից մեկը պատշաճ կերպով հարկ վճարելն է, բայց ժամանակակից բիզնեսն այսօր այլ մակարդակի վրա է, և միայն հարկ վճարելը բավարար չէ։ Կարևորն այն է, թե ինչպես եք կազմակերպում արտադրությունը, հետևում գրված և չգրված բարոյագիտական չափանիշներին: Դա էլ հենց ESG բաղադրիչն է: Նշված ստանդարտներին համապատասխանելը ընկերության դեմքն է: Սա նշանակում է, որ կառուցել եք ճիշտ կառավարման համակարգ, մշակվել է ճիշտ քաղաքականություն և գործունեությունն ուղղված է ռիսկերի կառավարմանը»,- հավելել է Ստեփանյանը։
Նա պարզաբանել է, որ ESG-ն բիզնեսի կայուն զարգացման մոդել է, որը հիմնված է երեք բաղադրիչների վրա. «Առաջինը բնապահպանական պատասխանատվությունն է, երկրորդը՝ սոցիալական պատասխանատվությունը (օրինակ՝ աշխատանքի անվտանգությունը, որը հանքարդյունաբերության ոլորտում կարևոր է), երրորդը՝ կառավարման պատասխանատվությունը։ Սա է ժամանակակից բիզնեսը: Աշխատակիցների ապահովագրությունն արդեն ESG-ի մի մասն է: Հետեւաբար, հնարավոր է՝ շատերը չգիտակցեն էլ, որ արդեն իսկ հետեւում են այդ նորմերին: Եթե բիզնեսը հետամուտ չլինի այդ նորմերին, շատ արագ կկորցնի մրցունակությունը»,- ընդգծել է Ստեփանյանը։