Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունն ահազանգում է ջերմաստիճանի ռեկորդային բարձրացման մասին


Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունն ահազանգում է ջերմաստիճանի ռեկորդային բարձրացման մասին
Մարտ 19 22:04 2024

Անցած փետրվարն ամենատաքն է եղել եղանակի և կլիմայի դիտարկումների պատմության մեջ, հայտնել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը։

Զեկույցի համաձայն՝ առանձնահատուկ ուշադրության է արժանի դիտարկումների պատմության մեջ ամենատաքը համարվող 2023 թվականի կեսերից նկատվող տենդենցը՝ կապված ջերմաստիճանի բարձրացման հետ, ինչը փաստել են նաև Կլիմայի փոփոխության եվրոպական «Կոպերնիկոս» ծառայությունն ու Օվկիանոսների և մթնոլորտի ուսումնասիրության ամերիկյան ազգային կենտրոնը։

Այսպես, «Կոպերնիկոս»-ի ուսումնասիրության համաձայն, անցած փետրվարը 1,77 աստիճան Ցելսիուսով ավելի տաք է եղել, քան 1850-1900 թվականների  փետրվարների  միջին ջերմաստիճանը, ծովի մակերևույթի միջին ջերմաստիճանը 60 աստիճան հարավային լայնության, 60 աստիճան հյուսիսային լայնության սահմաններում եղել է 21,06 աստիճան, որը գերազանցում է 2023 թվականի օգոստոսի համաշխարհային ռեկորդը՝ 20,98 աստիճան:

«Էլ Նինյո» երևույթը  շարունակել է թուլանալ Խաղաղ օվկիանոսի հասարակածային հատվածում, սակայն ծովի օդի ջերմաստիճանը մնացել է անսովոր բարձր մակարդակի վրա։

Փետրվարին ջերմաստիճանը միջինից բարձր է եղել Արկտիկայի, Ամերիկայի, Աֆրիկայի, Եվրոպայի և Ավստրալիայի մեծ մասում։

Օվկիանոսների և մթնոլորտի ուսումնասիրության ամերիկյան ազգային կենտրոնի տվյալների համաձայն՝ Հյուսիսային Ամերիկայում, Հարավային Ամերիկայում և Եվրոպայում փետրվարը եղել է ռեկորդային ամենատաք ամիսը, մինչդեռ Աֆրիկայում այն ​​ամենատաք ամիսների ցանկում երկրորդն է։