Ամեն ոսկե մեդալ մեծ դժվարությամբ է տրվում, որի հետեւում բարդ ճանապարհ եմ անցնում: Պատրաստ եմ այդ բարդ ճանապարհը 10 անգամ ավել անցնել, միայն թե կարողանամ օլիմպիական ոսկե մեդալն ունենալ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասաց Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճած Արսեն Հարությունյանը:
Նախորդ գիշեր Արսեն Հարությունյանը Հայաստանի թիմի հետ Բուխարեստից վերադարձավ Երեւան:
Ռումինիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում Արսեն Հարությունյանը 4-րդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
«Ամեն ոսկե մեդալ մեծ դժվարությամբ է տրվում: Գուցե գորգի վրա ես շատ հեշտ հաղթեցի մրցակիցներիս, բայց մինչեւ այս ոսկե մեդալը այնպիսի դժվար ճանապարհ եմ անցել: Պատրաստ եմ այդ բարդ ճանապարհը 10 անգամ ավել անցնել, միայն թե կարողանամ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալն ունենալ:
Եվրոպայի առաջնության առաջին անգամ 5 տարի առաջ եմ մասնակցել: Այն ժամանակ շատ մեծ ցանկություն ունեի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել, բայց հավատ չունեի: Այս առաջնությունում հավատս էր շատ մեծ, այդ պատճառով էլ կարողացա մեծ հաղթանակներ տոնել:
Բարդ գոտեմարտ այդպիսին չունեցա: Հոգեբանական առումով ծանր էին թուրք եւ ադրբեջանցի մրցակիցներիս հետ գոտեմարտերը: Միշտ հոգեբանորեն դժվար եմ տրամադրվում այդ մրցակիցների դեմ, բայց նրանց նկատմամբ հաղթանակները բարդ չեն տրվել գորգի մեջ:
Որքան կարողանամ կշարունակեմ, կփորձեմ հաղթել: Իմ համար կարեւորն այն է, որ մրցաշարին մասնակցեմ ամենալավ մարզավիճակում եւ ոսկե մեդալ նվաճեմ:
Բուխարեստի մարզադահլիճում կային մեծ թվով հայ երկրպագուներ, որոնք մեզ շատ օգնեցին, ամբողջ առաջնության ընթացքում մեզ ոգեւորեցին: Ցանկանում եմ նրանց հատուկ շնորհակալություն ասել այդ մեծ աջակցության համար»,- ասաց Արսեն Հարությունյանը:
Եզրափակիչում Արսեն Հարությունյանը (57 կգ) 52 վայրկյանում 10:0 հաշվով պարտության էր մատնել թուրք Մուհամեդ Կարավուսին։