Այսօր՝ փետրվարի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Ռուստամ Ս-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Փարաքար գյուղի Այգեստան փողոցի թիվ 59 տան մոտ հետընթաց կատարելու ընթացքում վրաերթի է ենթարկել հետիոտն, նույն գյուղի բնակիչ 17-ամյա Պետրոս Տ.-ին: Գրեկ է Shamshyan.com-ը:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, սակայն մինչ շտապօգնության ժամանումը ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ պարեկ Տիգրան Մուրադյանը իր ծառայողական ավտոմեքենայով երեխային տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Մինչ այդ, Տ. Մուրադյանը բուժօգնություն է ցուցաբերել տղային՝ օգտագործելով ծառայողական ավտոմեքենայի մեջ պահվող դեղատուփից անհրաժեշտ պարագաներ:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը իր մորը հիվանդանոց տեղափոխելիս է եղել, և տեղի է ունեցել վրաերթը, և ի շնորհիվ պարեկի և Վաղարշապատի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի՝ տղայի կյանքին վտանգ չի սպառնում: