Հրկիզել են Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի դասակի հրամանատարի Toyota Vitz-ը


Հրկիզել են Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի դասակի հրամանատարի Toyota Vitz-ը
Հունվար 30 18:27 2024

Հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-1 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքում՝ Մ. Օհանջանյան փողոցում, ավտոմեքենա է այրվում: Դեպքի մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքի վայր են ժամանել ՓԾ Մեղրիի թիվ 56 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջները մարել են նշված փողոցի 3-րդ շենքի բակում կայանված Toyota Vitz մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ըստ shamshyan.com-ի՝ ավտոմեքենան ոչ թե անզգուշաբար հրդեհվել է, այլ այն հրկիզել են, իսկ մեքենան պատկանում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար, Սյունիքի մարզի բնակիչ 37-ամյա Անդրանիկ Աղաթելյանին, և կա վարկած, որ ավտոմեքենայի հրկիզման պատճառը կապ ունի նրա աշխատանքի գործունեության հետ: