Ոստիկանությունը զգուշացնում է՝ լռության ժամին չիրականացնել հրավառություններ․ կան ձերբակալվածներ


Ոստիկանությունը զգուշացնում է՝ լռության ժամին չիրականացնել հրավառություններ․ կան ձերբակալվածներ
Նոյեմբեր 25 16:43 2023

Նոյեմբերի 23-ին, ժամը 00․04-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Այգեձոր փողոցից նկատել է մոտակայքում իրականացվող հրավառություն։  

 
 

Պարեկային ծառայության Երևանի գնդի և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծավալուն միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակահատվածում պարզվել է, որ ուշ ժամին հրավառությունը կազմակերպվել է Լենինգրադյան փողոցում՝ օտարերկրյա քաղաքացիների կողմից։  

Ժամը 02․30-ին նրանք հայտնաբերվել են ու ձերբակալվել։ Հայտնաբերվել է նաև հրավառության արկղը։ Ոստիկանության Մալաթիայի բաժնում նրանց նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։  

Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածը լռությունը խախտելու համար սահմանում է տուգանքի նշանակում՝ մինչև 1․000․000 դրամի չափով։ ՆԳՆ ոստիկանությունը կրկին զգուշացնում է լռության ժամին չիրականացնել հրավառություններ՝ հարգելով համաքաղաքացիների անդորրն ու անվտանգությունը։  

ՆԳՆ ոստիկանությունը շարունակելու է հետևողական պայքարը գիշերային ժամերին լռությունը խախտողներին, հրավառությունների պատվիրատուներին ու կազմակերպիչներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։