Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Մեժլում Մեժլումյանը բրոնզե մեդալ է նվաճել


Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Մեժլում Մեժլումյանը բրոնզե մեդալ է նվաճել
Հոկտեմբեր 25 16:46 2023

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի անդամ Մեժլում Մեժլումյանը բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

61 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մեժլումյանն ուժերը չափել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Իվան Հրամիկայի հետ և 11-0 հաշվով վստահ հաղթանակ տարել:

Հայ ըմբիշը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր չեզոք դրոշի ներքո ելույթ ունեցող ռուսաստանցի Բաշիր Մագոմեդովին: Վերջինս դուրս էր եկել եզրափակիչ, ինչի արդյունքում Մեժլումյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել: Սփոփիչ գոտեմարտում Մեժլումյանը 11-0 հաշվով առավելության էր հասել ամերիկացի Խուլիան Չլեբովեի նկատմամբ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը դուրս է եկել Մ23 տարեկանների ԱԱ-ի եզրափակիչ՝ ½ եզրափակչում 13-3 հաշվով առավելության հասնելով Մոնղոլիայի ներկայացուցչի նկատմամբ: Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, հայ ըմբիշն ԱԱ-ի հաղթողի կոչումը կվիճարկի ռուսաստանցի Նաչին Մոնգուշի հետ:

Խնձրցյանը Մ23 ԱԱ-ում պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 11:0 հաշվով առավելության է հասել ԱՄՆ ներկայացուցիչ Կուպեր Ֆլինի նկատմամբ, քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 2:1 հաշվով ուժեղ է գտնվել գերմանացի ըմբիշից:

Ազատ ոճայինների կազմում մեդալ նվաճելուն մոտ են նաև 97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը և 79 կգ քաշային Մենուա Յարիբեկյանը:

Սարգսյանը երկու հաղթանակ տանելուց հետո կիսաեզրափակչում 0-11 հաշվով զիջել է ամերիկացի Վիթման Թրումբլին և կպայքարի բրոնզե մեդալի համար, իսկ Յարիբեկյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Իսպանիայի ներկայացուցիչ Գաբրիել Իգլեսիաս Ռամոսի հետ և հաղթանակի դեպքում՝ կպայքարի բրոնզե մեդալի համար:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի մյուս անդամները տարբեր փուլերում պարտություններ են կրել և դուրս մնացել հետագա պայքարից:

Հոկտեմբերի 27-ից մրցագորգը կտրամադրվի հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշներին: Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 29-ին: