Երևանի նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր տեսաուղերձում անդրադարձավ վերջին օրերի ողբերգական իրադարձություններին. «Այն, ինչ կատարվում է Արցախում, սա մեր պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկն է, և այն չունի միայն մեկ պատճառ: Խոսքը ոչ միայն արտաքին, այլև մեր ներքին խնդիրների մասին է: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ երբ մենք ունեցանք հաղթանակ, մի ճիշտ ճանապարհ ունեինք` զարգացնել պետությունը, ուժեղացնել բանակը: Սակայն իշխանություններն սկսեցին ուտել պետության ու բանակի փողերը, իսկ պետությունը գնալով աղքատացավ, ետ ընկավ ընդհանուր զարգացումներից: Ի վերջո, փոխանակ ամրապնդեինք մեր հաղթանակը, այն մսխվեց: Սա կատարվում էր մինչև 2018 թվականը, ժողովրդի համբերության բաժակը լցվեց ու նա արավ հեղափոխություն: Կարծես թե պիտի նոր թափով երկիրը զարգանար, սակայն նոր իշխանությունները, որոնք նաև ներկա իշխանություններն են, ձախողեցին բոլոր հարցերում: Չկար մի քայլ, որ այս իշխանություններն անեին գրագետ: Արցախյան հարցը մինչև 2018 թվական հասավ բարդացած վիճակում, սակայն դրանից հետո ավելի այս հարցը բարդացավ ու վատացավ, որովհետև ոչ մի լուծում, ոչ մի քայլ չի եղել ճիշտ, պրոֆեսիոնալ: Ու, ի վերջո, ունեցանք այն, ինչ ունենք: Մեր 30 տարվա պայքարը, մեր ազգի տառապանքները, զրկանքները, պատերազմներում մեր զոհված տղերքը, կյանքերը, որ գնացին անվերադարձ... Այդ ամեն ինչն այսօր զրոյացավ: Սա պետք է արձանագրենք, հասկանանք, որպեսզի դասեր քաղենք»: |