Առաջարկվում է դադարեցնել Էրիկ Իսրայելյանի տարկետման տրամադրումը. նախագիծ


Առաջարկվում է դադարեցնել Էրիկ Իսրայելյանի տարկետման տրամադրումը. նախագիծ
Մայիս 15 15:41 2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-Ի № 2062 -Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

 

Ըստ նախագծի, առաջարկվում է դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Էրիկ Արամի Իսրայելյանին (ծնվ.` 2004 թվականի հոկտեմբերի 25-ին) տրված տարկետումը՝ Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի հավաքական թիմի կազմում ընդգրկված չլինելու հիմքով:

Նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը 2023 թվականի մայիսի 4-ի 01/256 գրությամբ դիմել է, որ Էրիկ Արամի Իսրայելյանը չի ընդգրկվել ՀՀ բռնցքամարտի հավաքականների կազմում և անհրաժեշտ է դադարեցնել նրան տրամադրված տարկետումը:

 

Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին» № 2062-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման հավելված N 1-ի 2-րդ կետը:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ կարելի է ներկայացնել մինչև 2023 թ. հունիսի 1-ը:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանը պայմանագիր է կնքել պրոֆեսիոնալ բռնցքամարտի Eye of the Tiger Management պրոմոուտերական ընկերության հետ եւ կտեղափոխվի Կանադա:

Այս ամիս Էրիկ Իսրայելյանը կմեկնի Կանադայի Մոնրեալ քաղաք, իսկ պրոֆեսիոնալ ռինգում բռնցքամարտիկի նորամուտը սպասվում է հունիսի 1-ին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Էրիկ Իսրայելյանը հայտարարել էր, որ հրաժարվում է ներկայացնել Հայաստանը։