Փարիզում նպատակ ունեմ անել այն, ինչ Տոկիոյում չստացվեց. Արթուր Ալեքսանյան


Փարիզում նպատակ ունեմ անել այն, ինչ Տոկիոյում չստացվեց. Արթուր Ալեքսանյան
Մայիս 3 13:28 2023

Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը Խորվաթիայում վերջերս անցկացված Եվրոպայի առաջնությունում կարիերայում 6-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփել է առաջնությունը.

 

 

«Իմ բոլոր հաղթանակներն ունեն իրենց տեղը, քանի որ յուրաքանչյուր հաղթանակի համար գիտեք՝ ինչքան աշխատանք ենք կատարում մարզիչների հետ միասին: Մեր հավաքականն աշխարհի լավագույն թիմերից մեկն է: Մեր մարզիչներն էլ աշխարհի ուժեղագույն մարզիչներից են: Եվրոպայի առաջնության 10 քաշային կարգերում երկու ոսկե մեդալ նվաճելը Հայաստանի հավաքականի համար լուրջ նվաճում է: Ամեն ինչ անելու ենք, որ սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունում լավ հանդես գանք, հետո նաև Օլիմպիական խաղերում պայքարենք մեդալների համար և բարձր պահենք մեր երկրի պատիվը»,- ասել է Արթուր Ալեքսանյանը և խոսել նաև ապագա ծրագրերի մասին.

 

«Նպատակ ունեմ Փարիզում անել այն, ինչը չստացվեց Տոկիոյում: Շատ ցավով եմ հիշում Տոկիոյի Օլիմպիական խաղերը, քանի որ լավ մարզավիճակում էի ու պատրաստ էի Օլիմպիական կրկնակի չեմպիոն դառնալ, բայց կիսաեզրափակչում ստացածս վնասվածքն ինձ խանգարեց: Հիմա ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, որպեսզի Փարիզի 2024 թվականի խաղերում ոսկե մեդալ նվաճեմ»,- եզրափակել է Արթուր Ալեքսանյանը: