Այսօր՝ ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 19:50-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ռոսիա և Է. Ավագյան փողոցների խաչմերուկում, բախվել են BMW և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները և Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել պարեկները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Բժիշկները, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Դեպքի վայր է ժամանել Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, քաղաքապետի առաջին տեղակալ Դավիթ Զարոյանը, քաղաքապետի տեղակալ Արթուր Մովսիսյանը և կոմունալ տնտեսության պետ Արմեն Ֆելիկյանը:
Բախման հետևանքով BMW-ն կոտրել է ճանապարհին տնկված եղևնին, կոտրել է երթևեկությունը կարգավորող ցուցանակը, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել կանաչ գոտում՝ եղևնիների մոտ:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Որպեսզի վթարի վայրում հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա՝ տեղում ծառայություն են իրականացնում նույն վաշտի ավագ պարեկ Նարեկ Գրիգորյանը, պարեկ Գարիկ Փափազյանն ու կրտսեր պարեկներ Արսեն Շաղոյանն ու Անուշ Նահապետյանը, ինչը պարկների մոտ հաջողվում է: