Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են «Կամուրջի Հակոբ» մականվամբ հայտնի գործարարին պատկանող, մոտ 1 տարի առաջ առևանգված Bentley-ն


Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են «Կամուրջի Հակոբ» մականվամբ հայտնի գործարարին պատկանող, մոտ 1 տարի առաջ առևանգված Bentley-ն
Ապրիլ 2 12:30 2023

Այսօր՝ ապրիլի 2-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի, պարեկներ Նարեկ Սուքիասյանի և Պետրոս Վահանյանի գլխավորությամբ, Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել են 2022 թվականի փետրվարի 11-ին  Երևանում Տիգրան Մեծի պողոտայից առևանգված, հայտնի գործարար «Կամուրջի Հակոբ» մականվամբ Հակոբ Սաֆարյանին պատկանող Bentley մակնիշի ավտոմեքենան։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան հայտնաբերվել է պարեկների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում, և այն 1 տարուց ավելի ավտոհետախուզման մեջ է եղել։

Պարեկները նկատել են ավտոմեքենան ու տեղում սահմանազատել են տարածքը։ Այնուհետև ավտոմեքենան տեղափոխել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Հետաքրքիր է, որ մեքենան առևանգել են Տիգրան Մեծի պողոտայում, և այն 1,5 տարի անց Երևանի գնդի պարեկները հայտնաբերում են Տիգրան Մեծի պողոտայի այն վայրում, որտեղից  Bentley-ն փախցրել էին։  

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչ կողմից ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով) հատկանիշով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է փետրվարի 11-ին Երևանում հայտնի գործարար, 51-ամյա Հակոբ Սաֆարյանին պատկանող Bentley Continental մակնիշի ավտոմեքենան Տիգրան Մեծի պողոտայից փախցնելու փաստով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հետաքննիչի կողմից հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
© https://shamshyan.com/hy/article/2023/04/02/1235818