Այսօր՝ մարտի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գառնիի բաժանմունք ահազանգ է ստացվել «Գառնի» ամբուլատոր կենտրոնից, որտեղից հայտնել են, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Գողթ գյուղ, Գեղարդ «Եկեղեցու բակ», որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Վարդան Խաչատուրյանն ու Ոստիկանության Գառնիի բաժանմունքի պետ Հրաչյա Աթաբեկյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտանբերել են Գառնի գյուղի բնակիչ 72-ամյա Թեմուր Փ․-ի դին։
Պարեկ Փայլակ Մնացականյանը և կրտսեր պարեկ Հարություն Հովհաննիսյանը սահմանազատել են տարածքը, մինչև ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Պետրոս Հակոբյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 11։00-ի սահմաններում Գեղարդ վանական համալիրի մուտքի մոտ Թեմուր Փ․-ն հանկարծամահ է եղել։ Դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով՝ քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Գառնիում հայտնի էր որպես երաժիշտ, ով վանքի տարածքում նվագում էր, ինչի դիմաց անցորդները նրան գումար տալիս։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
© https://shamshyan.com/hy/article/2023/03/19/1234923