A talk-ի ամենակարևոր ուղերձը` հետևեք կիբերհիգիենային


A talk-ի ամենակարևոր ուղերձը` հետևեք կիբերհիգիենային
Մարտ 12 12:49 2023

Անձնական տվյալների պաշտպանությունից, դրա անհրաժեշտությունից ու կարևորությունից խոսում է ով չի ալարում, բայց քչերը գիտեն՝ ինչ է դա, ինչպես պաշտպանել անձնական տվյալները։ Քչերն են խոսում այդ տվյալների պաշտպանության բուն գործիքներից, ձևերից, եղանակներից։ Ի վերջո մեր ինչի՞ն է պետք անձնական տվյալների պաշտպանությունը և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ դրանց հետ անփույթ վերաբերմունքը։ Հարցերը շատ են, պատասխան տվողներն ու պատասխաններն ինքնին՝ քիչ։

Բայց դրանք կան։ Գտնելու համար երկար փնտրել պետք չէ։ Դիջիթեք տեխնոֆորումի ժամանակ, որ անկյունից էլ նայես, աչքիդ առաջ կանաչ ու սև պատերով հսկայական մի տաղավար կա։ Գնացեք այդ ուղղությամբ ու կհայտնվեք տեխնոֆորումի ամենայուրօրինակ միջավայրերից մեկում։    Բարգերծական կիբերհեծանիվների աջ կողմում կա մի փոքր անկյուն, որը կոչվում է A talk: Այստեղ թեք մարդիկ ոչ այնքան թեքերին բացատրում են նոր իրողություններն ավելի հասկանալի լեզվով, ավելի պարզ տերմինաբանությամբ։

Հենց այստեղ էլ կսովորեք անձնական տվյալների պաշտպանության գոնե բազային կանոնները։ Թվում է, թե այս թեմայից խոսելու կարիք այլևս չկա, սակայն ամենամյա վիճակագրությունն այլ բան է հուշում։ Ամենատարածված գաղտնաբառերի թոփ եռյակը մնում է նույնը՝ 12345, password և qwerty:

Նման վարվելակերպի պատճառները բազմաթիվ են՝ դավադրությունների տեսություններից, կիբերգրագիտության պակասից մինչև ամենահասարակ անտարբերություն,  մինչև այն պահը երբ «փորձանքը չի չոքել դռանդ»։

Կիբերանվտանգության մասնագետ և Ամերիաբանկի ՏՏ օժանդակման և համակարգերի մոնիտորինգի բաժնի ղեկավար Արմեն Շիշմանյանը A talk-ի հարթակից ևս մեկ անգամ, ավելի հասկանալի լեզվով բացատրում էր՝ ինչպես պետք է ընտրել գաղտնաբառ, ինչու պետք է այն լինի բարդ ու մի քանի պարզ հնարքներ, որոնք կօգնեն պաշտպանել օգտահաշիվները։

Բանն այն է, որ տեղեկատվական առանց այն էլ մեծ հոսքերի, սոցցանցերի պատճառով մեր ուղեղը վարժվել է կարճ հիշողության մոդելին։ Այլևս ոչինչ հիշել պետք չէ, քանի որ ամեն հարցի պատասխան բավականին արագ հնարավոր է գտնել համացանցում։ Մարդիկ չեն կարողանում մի քանի պարզ գաղտնաբառ հիշել, էլ ուր մնաց նույն քանակությամբ բարդ գաղտնաբառեր, որոնք նաև իրենց մեջ պարունակում են տարատեսակ նշաններ, թվեր և այլն։

Արմեն Շիշմանյանն ընդգծում է, որ բոլոր օգտահաշիվների վրա նույն գաղտնաբառը դնելով, այն պարզապես նվիրում եք ցանցահեններին։ Պատահական չէ, որ վերջին շրջանում բավականին մեծ տարածում են ստացել ֆիշինգային հարձակումները։ Եթե ցանցահենին հաջողվեց հասանելիություն ստանալ ձեր գոնե մեկ օգտահաշվի, իսկ մնացածի գաղտնաբառերը նույնը եղան, ապա նա անմիջապես հասանելիություն է ստանալու Ձեր մյուս օգտահաշիվներին։ Առաջին բանը, որ պետք է հաշվի առնել, գոնե խիստ կարևոր օգտահաշիվների գաղտնաբառերը պետք է տարբեր լինեն։

Շիշմանյանը մեկ այլ օրինաչափություն էլ է ընդգծում, որը հանդիպում է յուրաքանչյուրի մոտ։ Ձեր գաղտնաբառը չպետք է կապ ունենա Ձեզ հետ նույնականացվող որևէ տվյալի հետ։ Շատերը հաճախ իրենց գաղտնաբառերը դնում են իրենց կնոջ, երեխայի կամ ամուսնու ծննդյան ամսաթիվը, իրենց ամուսնության տարեթիվը և այլն։ Սակայն հաշվի չեն առնում մեկ կարևորագույն հանգամանք։ Դրանք հենց այն տվյալներն են, որոնք դրված են բաց հասանելիությամբ։ Դուք սոցցանցերում հաճախ կիսվում եք ձեր կյանքի կարևորագույն իրադարձություններով և բոլորի համար էլ պարզ է, որ դրանց հետ կապված ոչ մի տառ ու թիվ Դուք դժվար թե մոռանաք։ Վերջ։ Մի փոքր ջանք ու Ձեր գաղտնաբառն այլևս միայն Ձերը չէ։

Գաղտնաբառը պետք է լինի այնպիսի բան, որի մասին գիտեք միայն Դուք, որի մասին երբեք չեք կիսվել սոցցանցերում։ Դրան ավելացրեք մեծատառեր, թվեր և սիմվոլներ ու վերջ, ապահով գաղտնաբառը պատրաստ է։

Եվ իվերջո, կարելի է օգտվել գաղտնաբառերի գեներատորներից, որոնք յուրաքանչյուր մուտքի ժամանակ կգեներացնեն մեկանգամյա օգտագործման ու բավականին բարդ գաղտնաբառ։

Շիշմանյանը նաև խորհուրդ է տալիս գաղտնաբառերը չպահել որևէ այնպիսի տեղ, որոնք այս կամ այն կերպ հասանելիություն ունեն ինտերնետին։ Անգամ ամենաբարդ գաղտնաբառը մեկ վայրկյանում դառնում է անապահով, եթե այն տալիս եք ցանցին ի պահ։

Մի խոսքով, A talk-ի ամենակարևոր ուղերձներից մեկը՝ հետևեք Ձեր կիբերհիգիենային, այլապես հետևանքները հաճելի չեն լինի։