Երեկ՝ հունվարի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Գնել Սարգսյանը Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 24 կմ-ին իր վարած Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենայով Ցողամարգ գյուղի վարչական տարածքում, «Ղոչի աղբյուր» կոչվող վայրում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս եկել երթևեկելի գոտուց, և մի քանի պտույտ գլորվերով, բախվել քարերին ու հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 47-ամյա Սուսաննա Կարապետյանը, «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, շտապօգնության ավտոմեքենայում մահացել է։ Իսկ Գ․ Սարգսյանն ու մյուս ուղևոր՝ Երևանի բնակիչ 30-ամյա Ռաֆայել Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել նաև Աշոցքի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Վարորդին և ուղևոր Ս․ Կարապետյանին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարաները, իսկ մյուս ուղևոր Ռ․ Մնացականյանին հրշեջ-փրկարարները դուրս բերելուց հետո հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը Վրաստանի Հանրապետության քաղաքացի են։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։