Մայոր Գևորգ Գասպարյանին Մարտունի 3-րդ պաշտպանական շրջանում շատերն էին ճանաչում։ Սպային բնորոշ խստապահանջությամբ և հրամանատարին բնորոշ մեծահոգությամբ նա միշտ այնտեղ էր, որտեղ իր կարիքը կար։
44-օրյա պատերազմի 37 օրը Գևորգը խրամատում է անցկացրել ու իր զինվորներին արգելել գերի ընկնել։ Գեւորգի քույրը «Փաստինֆո»-ի պատմել է, որ զինվորներին արգելվել էր էր գերի ընկնելը, ուստիեւ բոլորի թեւերին նռնակներ էր կապել՝ նման իրավիճակների համար։
Հրամանատարն իր զինվորներին չի լքել անգամ՝ ծնոտի շրջանում ծանր վիրավորվելուց հետո։ Նա շուրջ երկու ժամ նա մարտ է վարել և միայն երկրորդ՝ մահացու վիրավորումից հետո զինվորները հանել են մարտադաշտից։ Ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված Գևորգ Գասպարյանը նոյեմբերի 6-ին, գիտակցության չգալով, միացել է նահատակված ընկերների բանակին։
Գևորգի զոհվելուց հետո կինն ու երեխաները, որոնք Գևորգի ծառայության ամբողջ ընթացքում ապրել են Արցախի Մարտունի քաղաքում, վերադարձել են Աբովյան քաղաք, որտեղ մինչև 6 տարեկանն ապրել է Գևորգը։
Ընտանիքը, որը չի օգտվել պատերազմից հետո իրականացված աջակցության որևէ ծրագրից, ավելի քան մեկուկես տարի է՝ Աբովյան քաղաքում վարձով է ապրում։ Գևորգի կինը՝ Մարիամը, հիմա հիփոթեքով բնակարան է ուզում ձեռք բերել։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից փոխանցված 10 մլն դրամով կանխավճարի հարցը կլուծի, բայց ամսական վճարումները, թե ինչպես է անելու՝ մյուս ծախսերի հետ, դժվարանում է ասել։ Ասում է՝ հիմնադրամից ամսական ստանալիք գումարի մեջ պիտի տեղավորվենք․ այլ տարբերակ չկա։ Մարիամը հիմա երկու անչափահաս երեխաների խնամքով է զբաղվում։ Հարմար աշխատանք, որը հնարավոր է համատեղել երեխաների հետ, դեռ չի գտել։