«Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման աշխատանքներ չեն կատարվում, քանի որ չկա հրդեհ, կատարվում է հովացման աշխատանք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
«Ինչքան մենք մաքրում ենք փլատակները, այնքան փոքր օջախներ են բռնկվում, այդ թվում՝ ծխի տեսքով։ Ամբողջ ծավալով իրականացնում ենք միայն որոնողափրկարարական աշխատանքներ։ Քանի դեռ կա հավանականություն, որ փլատակների տակ կարող ենք քաղաքացու հայտնաբերել, մենք ծանր տեխնիկա միանգամից չենք օգտագործում։ Հնարավորինս բացազատում ենք տարածքը, ծանր տեխնիկա օգտագործելուց առաջ, մեր փրկարարներից մարդ է լինում տվյալ հատվածում, դիտարկում է իրականացնում և նոր ծանր տեխնիկան օգտագործվում է», - ասաց նախարարը։
Անդրադառնալով մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերին փլատակներից՝ ողջ քաղաքացիների հայտնաբերելու վերաբերյալ՝ Փամբուխչյանը նշեց՝ խնդրում է քաղաքացիներին հետևել միայն պաշտոնական լուրերին, քանի որ անհեթեթ սպասումներ են տալիս հարազատներին, ինչն ընդհանրապես չի օգնում աշխատանքներին:
Հարցին՝ առևտրի կենտրոնի սեփականատերը դեպքի վայրո՞ւմ է, հանդիպե՞լ է իր հետ, նախարարը պատասխանեց. «Սեփականատերերից հանդիպել է, հենց այսօր էլ, որոշակի հատակագծեր ենք ուզել Կադաստրի կոմիտեից, որպեսզի նկուղային հարկերում, եթե կան այնպիսի տեղեր, որոնք մեզ համար տեսանելի չեն, մենք ունենանք նաև այդ հատակագծերը։ Նկուղային հատվածներում տարածքը բացազատված է, մենք դրանով կկարողանանք ավելի մանրակրկիտ որոնողական աշխատանքներ կատարել»։
Ըստ նախարարի՝ հրդեհը սկսվել է հրավառ նյութերի պահեստից, սակայն Փամբուխչյանը դժվարացավ նշել, թե կոնկրետ շինության ո՞ր հարկում է եղել պայթյունը: