Այս պահին Բերձորի բնակիչները դեռ չեն լքել քաղաքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանը` նշելով, որ բնակիչներն են որոշելու, թե հետագայում բնակվելու են Արցախի որեւէ այլ մասում, թե` Հայաստանում:
Ալեքսանյանը հայտնեց, որ քաղաքի խաչքարերն ու գերեզմանները տեղափոխվելու են, իսկ խոսակցությունները, որ բնակիչները դուրս գալուց առաջ այրելու են տները դեռ հստակ չեն:
«Չգիտեմ դա ոնց կլինի, բայց ես նորմալ չեմ համարում, բնակիչների հետ խորհրդակցության ժամանակ եղել է նման խոսակցություն, չգիտեմ դա պահի տակ պոռթկում էր, թե իրականում կանեն նման բան, չգիտեմ»,-ասաց նա:
Ալեքսանյանը նշեց, որ նախարար Հայկ Խանումյանը նույնպես դեմ է տները այրելուն, իմաստ չի տեսնում դրա մեջ:
Հիշեցնենք, որ քաղաքը ազատելու մասին բնակիչները վերջնական տեղեկացվել են երեկ ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանից: