Գոհունակությամբ արձանագրում ենք, որ բազմաթիվ հասարակական, քաղաքական օղակների ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Ավստրալիայից և Մերձավոր Արևելքից հասցեական և սկզբունքային դիրքորոշում են արտահայտել՝ դատապարտելով Ադրբեջանի քաղաքականությունը և կոչ անելով զսպել այդ երկրի ագրեսիվ գործողությունները։
Երախտագիտություն ենք հայտնում Արցախի, հետևաբար, արդարության բոլոր աջակիցներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։
«Նման քաղաքական և բարոյական աջակցությունը շատ կարևոր է Արցախի համար։ Այն նաև կարևոր է միջազգային հանրության համար, որտեղ նկատելի են արժեհամակարգի խարխլման լուրջ և մտահոգիչ գործընթացներ։
Ցավոք սրտի, նույն սկզբունքայնությունը չեն ցուցաբերել մի շարք երկրներ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ, որոնց գործունեությունն անմիջապես առնչվում է ժողովրդավարությանը, միջազգային իրավունքին և մարդու իրավունքների պաշտպանությանը, որոնք անհասցե հայտարարություններ են արել վերջին օրերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի կապակցությամբ»,- գրել է նա։