Զոհված զինծառայողների մասունքները Աբովյանի դիահերձարանում ոչ պատշաճ պայմաններում պահելու դեպքով քննություն չի իրականացվի.բողոքը մերժվել է


Զոհված զինծառայողների մասունքները Աբովյանի դիահերձարանում ոչ պատշաճ պայմաններում պահելու դեպքով քննություն չի իրականացվի.բողոքը մերժվել է
Օգոստոս 4 11:48 2022

Նահատակված զինծառայողների մասունքները և դիերը Աբովյանի դիահերձարանում ոչ պատշաճ պայմաններում պահելու դեպքի հանգամանքները պարզելու համար գործի վարույթը չի վերաբացվի։

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Վարոսյանի նախագահությամբ, երեկ հրապարակել է բողոքը մերժելու մասին որոշում։ Հիշեցնենք, որ նահատակված հայորդիների մասունքներն ու դիերը Աբովյանի դիահերձարանի նկուղում պահվելու մասին լայն հասարակությանը հայտնի դարձավ 2021 թվականի մայիսի 31-ին, հարազատները տարածեցին նաեւ սահմռկեցուցիչ տեսարանը պատկերող կադրերը՝ մարմինները պոլիէթիլենային տոպրակներով՝ գետնին նետված վիճակում։ ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատել էր տեղեկությունը՝ նշելով, թե, իբր, մասունքներն անցել են համապատասխան նույնականացում և սպասում են, որ հարազատները վերցնեն' հուղարկավորելու համար։

 

Բարձրացված մեծ աղմուկը մեղմելու համար երկու օր անց՝ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնեցին, թե դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղի վարիչն ու 2 աշխատակից ազատվել են աշխատանքից։ Ապա` հայտարարվեց նաեւ քրեական գործ հարուցվելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։ Հիմա արդեն ակնհայտ է, որ քրգործի հարուցումն ընդամենը նպատակ էր հետապնդում մեղմել հասարակական դժգոհությունը ու ոչ թե զազրելի երեւույթի պատասխանատուների գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալը։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան 2021 թվականի դեկտեմբերին ՀՀ ՔԿ-ից հայտնել էին, որ գործը կարճվել է։

«ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում զոհված զինծառայողների մարմնի մասունքները և դիերը ոչ պատշաճ պահելու դեպքի առթիվ 02. 06. 2021թ Կոտայքի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 49200121 քրեական գործը, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին»,- հայտնել էր ՔԿ-ն՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 16-ին որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Միաժամանակ ՔԿ-ից նշել են, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի հարցաքննվել։ Ծնողների ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը դատական կարգով վիճարկել է քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը՝ պահանջելով պարտավորեցնել կատարել քննություն ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան