Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Երևանում, 40 աստիճան շոգին ավտոբուսում աղջնակը վատացավ, վարորդը հրաժարվեց միացնել օդորակիչը
Այսօր Երևանում, 20 համար ավտոբուսը Ավան էր բարձրանում։ Ահավոր շոգ էր, մի բարետես տիկին անընդհատ ավտոբուսի վարորդից պահանջում էր միացնել ավտոբուսի կոնդիցիոները, սակայն վերջինս չէր միացնում։ Հանկարծ 13-14 տարեկան մի աղջկա ինքնազգացողությունը խիստ վատացավ, ուշաթափվեց, նրա երեսին սկսեցին ջուր ցանել, նրան ջուր խմեցնել; Այդ օգնությունը ցուցաբերելու ժամանակ ավտոբուսը կանգնել էր։ Ուղևորները նորից պահանջեցին միացնել ավտոբուսի օդորակիչը, սակայն վարորդը չմիացրեց։ Ուղևորները վարորդին ասացին, որ բոլոր ավտոբուսների վարորդները միացնում են կոնդիցիոներ։ Վարորդն անդրդվելի էր, ասելով՝ բոլորը միացնում են, իսկ ես չեմ միացնում։ Ուղևորները ստիպված բացել էին ավտոբուսի բոլոր պատուհանները։
Երևանի քաղաքապետ կամ՝ քաղաքապետի տեղապահ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետարանի կարգավարական ժողովների ժամանակ փոքր առիթներով հոխորտում է քաղաքապետարանի աշխատակիցների վրա, սակայն քաղաքային տրանսպորտի խնդիրները մեծ են ու չլուծված, ավտոբուսում 40 աստիճան շոգից պե՞տք է մարդ մահանա, որ կոնդիցիոները միացնեն։ Այս անգամ, փառք Աստծու, երեխան փրկվեց։ Ավտոբուսից իջնելով՝ աղջնակը քայլում էր դանդաղ, երերուն քայլվածքով»։