ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր դատարանում մահացել է կալանքի տակ գտնվող պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Սարսափելի նախադեպ է: Իմ հանձնարարությամբ հանձնաժողովի փորձագետը կապ է հաստատել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ, որտեղից հրաժարվեցին բանավոր կերպով ինֆորմացիա տրամադրել, թե արդյոք Արմեն Գրիգորյանն ինչ առողջական վիճակով է տեղափոխվել դատարան կամ առհասարակ կալանքը կրելու ժամանակ ինչ առողջական խնդիրներ է ունեցել՝ հղում կատարելով բժշկական գաղտնիքին: Իհարկե, գրավոր հարցում ուղարկելու եմ ՊՈԱԿ-ին՝ պարզաբանումներ պահանջելու: Բայց այս ողբերգական դեպքը ևս մեկ ահազանգող առիթ է, որպեսզի իրավապահ համակարգը վերանայի իր գործելաոճը և կալանքն օգտագործի ոչ թե որպես պատժամիջոց, ինչը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քաղաքական ենթատեքստով կիրառում է ընդդիմադիր հայացքներ ունեցողների նկատմամբ, այլ խափանման միջոց: Իսկ Արմեն Գրիգորյանին կալանավորելու ոչ մի հիմք չկար, բացի իշխանությունների հասցեին քննադատական խոսք լսելու պատճառով պատժելու նախատրամադրվածությունը, որի արդյունքում նա զրկվեց կյանքից: Այս մասով իրավաբանները շատ են խոսել։ Հ. Գ. Զրուցել եմ նաև Գրիգորյանի փաստաբանական խմբի հետ. նրա համար առողջությունն առաջնային պլանում չի եղել, նրա համար մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների դեմ պայքարն է եղել առաջին պլանում: Քանի որ ԵՊԲՀ-ի շրջանավարտ էր, այս ընթացքում ընդամենը փաստաբաններից դեղեր է խնդրել՝ առողջական վիճակը կայուն պահելու համար, բայց, ցավոք, չհաջողվեց փրկել նրա կյանքը... Ու այս դեպքը լուրջ, օբյեկտիվ, բազմակողմանի քննության կարիք ունի... Ցավակցում եմ Արմեն Գրիգորյանի ընտանիքին և հարազատներին»: |
Աղբյուրը` Թագուհի Թովմասյան
