Ծանրամարտիկ Գոռ Մինասյանը հանդես կգա Բահրեյնի դրոշի ներքո


Ծանրամարտիկ Գոռ Մինասյանը հանդես կգա Բահրեյնի դրոշի ներքո
Հուլիս 13 18:09 2022

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչ Գոռ Մինասյանը հանդես կգա Բահրեյնի դրոշի ներքո։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ կայքը։

Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նշել է․ «Այժմ ունենք գրեթե հավասարազոր ուժերի և հնարավորությունների  գերծանրքաշային երեք ծանրորդ: Մրցակարգի համաձայն, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ամեն երկիր հնգական  քաշային կարգերից յուրաքանչյուրում կարող է երկուական մարզիկ – մարզուհի ներկայացնել: Այս պարագայում մեր առաջատար հերկուլեսներից մեկը կզրկվի մասնակցությունից: Կարելի է հնարավորություն տալ «ավելորդին», որ նա հանդես գա մեկ այլ երկրի հավաքականում: Մեր դեպքում, գյումրեցի Գոռ Մինասյանն ընդառաջ է գնացել իրեն դիմած Բահրեյնի ֆեդերացիայի ցանկությանը: Գոռը նաև նպատակ ունի պաշտոնական մրցումներում  անհրաժեշտ վարկանիշային միավորներ վաստակել Փարիզի օլիմպիական խաղերում հանդես գալու համար: Ի դեպ, օլիմպիական խաղերի պարագայում,  յուրաքանչյուր երկիր կարող է ծրագրում ընդգրկված տղամարդկանց  և կանանց հինգական  քաշային կարգերում  ներկայացնել ընդամենը երեքական մարզիկ – մարզուհի»:

Գերծանրքաշային կարգում Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը։