Երեկվա արյունալի դեպքերին Նիգավանի որևէ բնակիչ ներգրավված չի եղել


Երեկվա արյունալի դեպքերին Նիգավանի որևէ բնակիչ ներգրավված չի եղել
Հունիս 20 16:40 2022

Արագածոտնի մարզի Ապարան համայնքում երեկվա արյունալի դեպքը տեղի է ունեցել Նիգավան գյուղից մոտ 2-3 կմ հեռավորության վրա։ Այս մասին 24News-ին ասաց Նիգավանի վարչական ղեկավար Արտաշես Գալստյանը։

 

Երեկ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ հունիսի 19-ին ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ «Այդ ընթացքում հնչել են կրակոցներ, նախնական տվյալներով' գործադրվել է որսորդական հրացան: Տուժած յոթ տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ: Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին' պատճառը կենցաղային է: Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում», - նշվում էր հաղորդագրության մեջ:

 

Ոստիկանությունը դեպքը որակել էր որպես «կենցաղային հարցի շուրջ ծագած վեճ»՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, որ վեճի պատճառը եղել է քաղաքական՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների և հակադրվողների միջև, իսկ նույն այդ տեղեկությունների համաձայն՝ կարակոցների հեղինակները Փաշինյանի կողմնակիցներն են։ Տեղեկությունների համաձայն՝ ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ և Կալաշնիկով տեսակի ինքնաձիգներով կրակել նրանց վրա։ Ասատրյանն ու Փարվանյանը հերքել են իրենց հարազատների մասնակցությունն այս միջադեպին։

Նիգավանի գյուղապետ Արտաշես Գալստյանն ասաց, որ ընդհարապես տեղեկություն չունի, թե ինչ պատճառով է երեկվա միջադեպը տեղի ունեցել՝ նշելով, որ գյուղի բնակիչներից որևէ մեկը ներգրավված չի եղել դրանում․ «Դեպքը մեր գյուղից դուրս է եղել, գյուղի վարչական տարածքում չի եղել։

 

Գալստյանը նաև ասաց, որ ինքը չի հարցաքննվել այս միջադեպի առթիվ։

 

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Ապարան քաղաքում երկու անձի սպանության  դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դրդապատճառը:

 

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 32–ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու  ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել և կանգնեցրել այն, այնուհետև մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում: Նշված խոսակցությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 19-ին,  32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել են նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծեծի ենթարկել վերջինիս: Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ: Արդյունքում, հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ: 32-ամյա տղամարդը ձերբակալվել է», - նշված է հաղորդագրության մեջ: