Կարեն Գ.-ն 2021 թվականի դեկտեմբերի 12-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում գնացել է նախկին կնոջ՝ Ի.Ս.-ի բնակարան և վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում իր հետ նախապես վերցրած 25 սմ շեղբ ունեցող, ինքնաշեն եղանակով պատրաստված դանակով մեկ անգամ հարվածել է նրա որովայնի առաջային հատվածին: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Գործը դատարան է ստացվել մայիսի 11-ին և մակագրվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանին:
Հարկ է նշել, որ Կարեն Գ.-ն նախկինում դատապարտված է եղել:
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ դանակի ծայրը ջարդված է եղել, իսկ կնոջ որովայնին շոր է փաթաթված եղել, ինչի շնորհիվ կնոջ որովայնի վրա թեթև քերծվածք է առաջացել:
Կարեն Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ կատարելը) հատկանիշներով:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: