Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ամերիկյան փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսի և երիտասարդ ընկերոջ՝ ծագումով իրանցի Սեմ Ասղարիի պաշտոնական պսակադրության կադրերը: Միջոցառումը կայացել է հինգշաբթի երեկոյան աստղի՝ Կալիֆոռնիայում գտնվող առանձնատանը, գրում է Daily Mail-ը:
40-ամյա Սփիրսը դեպի խորան է քայլել Էլվիս Փրեսլիի Can't Help Falling In Love երգի հնչյունների ներքո: Հատուկ այս առիթի համար հեղինակավոր Versace նորաձևության տունը Սփիրսի համար հարսանեկան զգեստ է կարել: Ընկերության կրեատիվ դիզայներ Դոնաթելա Վերսաչեն նշել է, որ երգչուհու հետ աշխատելը հաճելի և ուրախ է եղել:
Հայտնի է, որ միջոցառմանը ներկա են եղել մի շարք աստղային հյուրեր, այդ թվում՝ հոլիվուդյան դերասանուհի Դրյու Բերիմորը, երգչուհիներ Մադոննան, Սելենա Գոմեսը, մոդել, դերասանուհի Փերիս Հիլթոնը, Դոնաթելա Վերսաչեն: Մինչդեռ Սփիրսի հայրը, մայրը, քույրն ու երկու որդիները բացակա են եղել:
«Մենք դա արեցի՛նք, մենք ամուսնացա՛նք: Դա ամենահիշարժան օրն էր»,- սոցցանցերում գրել է Սփիրսը՝ մանրամասնելով, որ պսակադրության օրը սկզբում խուճապի է մատնվել, հետո ամեն ինչ կարգավորվել է: