ՀՀ տարածքում քովիդով պայմանավորված կարանտինը գործում է մինչև 2022թ. հունիսի 20֊ը


ՀՀ տարածքում քովիդով պայմանավորված կարանտինը գործում է մինչև 2022թ. հունիսի 20֊ը
Հունիս 4 23:00 2022

2019 թվականի վերջին Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը հայտարարեց Կորոնավիրուսային համաճարակի մասին։ Ապա սկսվեց խուճապ եւ երկարատեւ պայքար սկզբում անհասկանալի եւ վախ ներշնչող պանդեմիայի դեմ։ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունն ու ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները սկզբում խորհուրդ տվեցին դիմակներ կրել՝ պաշտպանվելով հիվանդությունից, այնուհետև՝ որոշեցին, որ դա պետք է պարտադիր դառնա եւ մարդկությունը միանգամից դիմակավորվեց, դադարեցին ձեռքով միմյանց բարեւել եւ ողջագուրվել։ Մի խոսքով՝ համընդհանուր փսիխոզի միջավայրում մոլորակն ապրեց 2 տարուց ավելի։ Ամբողջ երկրներ պարալիզացվեցին, փակվեցին բոլոր հանրային օբյեկտները, հիվանդներին սկսեցին վերաբերվել ինչպես բորոտների, մահվան դեպքերին ու վիճակագրությանը սկսեցինք հետեւել ժամ առ ժամ։ Մինչեւ որ հայտնաբերվեցին Քովիդի դեմ պատվաստանյութերը, որոնք կոչված էին հիվանդության կանխարգելմանն ու տարածումը սահմանափակելուն։

 

Քովիդով պայմանավորված՝ շուրջ երկու տարի երկրների միջեւ հաղորդակցությունը հասցվեց նվազագույնի, օդանավակայանները դատարկվել էին, հսկայական ընկերություններ սնանկացան եւ վերացան, ուրիշները հարստացան ու գրավեցին դաշտը։ Սակայն 2022-ի մարտ-ապրիլ ամիսներից սկսեցին բոլոր երկրներում քովիդի սահմանափակումները եւ պահանջները հանվել։ Իսկ այսօր մարդիկ անգամ չեն հիշում, թե ինչ մղձավանջի մեջ են ապրել 2 տարուց ավելի։ Ինչպիսի պարտադրանքով են պատվաստվել։ Եւ այսօր չնայած քովիդով հիվանդացության քանակը հասել է նվազագույնի եւ մահեր չունենք, սակայն առողջապահության նախարարությունը շարունակում է հաղորդագրություններ տարածել՝ պատվաստումների մասին։ Ո՞ւմ են պատվաստում այսօր, ինչի համար՝ եթե ՔՌ կոդերի պահանջը հանվել է եւ աշխարհում այլեւս քովիդով պայմանավորված սահմանափակումներ չկան։

 

Հայաստանի Հանրապետությունում պատվաստումային գործընթացը շարունակվում է՝ անկախ այն հանգամանքից, որ երկրում իրավիճակը բավականին կայուն է և քիչ գրանցված հիվանդացություն ունենք, այնուամենայնիվ, քովիդի դեմ պատվաստումները իրականացվում են։ Այս գործընթացը շարունակական է։ Հունիսի 12-ի դրությամբ ունեցել ենք ընդհանուր առմամաբ 2մլն 207 հազար 307 պատվաստված քաղաքացի, առաջին դեղաչափ ստացել է  1մլն 136 հազար 403 քաղաքացի, ամբողջական պատվաստվել է 1 մլն 9 հազար 922 քաղաքացի, բուստեր դեղաչափ ստացել է 56 հազար 650 քաղաքացի։ Պետությունը ապահովում է պատվաստանյութի բավարար խմբաքանակ, որպեսզի ցանկացողները մոտենան իրենց առաջնային օղակ և պատվաստվեն, կամ կարող են մոտենալ շարժական կետեր», Hraparak.am- ին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։ Խոսնակի խոսքով, յուրաքանչյուր երկիր ինքն է պատասխանատու իր երկրի օդային և ցամաքային սահմանների հատման համար։

 

«Այսինքն, Հայաստանի Հանարպետությունը պահանջներ է ներկայացնում միայն մեր երկիր մուտքի համար։ Դա լինի թե օդային ճանապարհով, թե ցամաքային հատվածով։ Եվ կախված երկրում վերահսկելի և կայուն քովիդային իրավիճակից, հիմա մենք ասում ենք, որ մեր երկիր մուտք գործելիս ՊՇՌ թեստի պահանջը հանվում է այն մարդկանց համար, որոնք պատվաստած չեն։ Նրանք, ովքեր պատվաստված են՝ շատ ավելի լավ։ Բայց մեր համաճարակաբանական իրավիճակը այսօր  թույլ է տալիս, որ ՊՇՌ թեստի պահանջը հանենք։ Հունիսի 12-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է 38 նոր դեպք (423հազար 44 ընդհանուր դեպք), 47 մարդ առողջացել է (412 հազար 668 ընդհանուր առողջացած), բուժվում է 67 մարդ, մահերի թիվը այսօր գրանցվել է՝ 0 քաղաքացի (8625 ընդհանուր մահերի թիվը ), թեստավորվել է 10782 քաղաքացի (3մլն 120 հազար713 ընդհանուր թեստավորված)։ Չնայած չպետք է մոռանալ, որ Քովիդը իրավիճակային լուծումներ է պահանջում, և եթե Աստված մի արասցե աշնանը մենք թվերի բարձրացում ունենանք, բնականաբար, սահմանափակումները կվերանայվեն»,- ասաց Հռիփսիմե Խաչատրյանը։

 

Նշենք, որ ՀՀ մուտք գործելու ընթացակարգում փոփոխությունների վերաբերյալ՝ ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված և 2022թ. մայիսի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն. Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ այլևս չի պահանջվում։ Օտարերկրացիների համար ՀՀ մուտքը շարունակում է բաց մնալ՝ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ճանապարհով։

 

Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտինը սահմանված է մինչև 2022թ. հունիսի 20-ը։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/31cd852951020a158f82db1d8491a504

 

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»