Երևանում պարեկը ծառայողական ավտոմեքենայով բախվել է էլեկտրասյանը, ապա՝ շինության պատին, կա վիրավոր


Երևանում պարեկը ծառայողական ավտոմեքենայով բախվել է էլեկտրասյանը, ապա՝ շինության պատին, կա վիրավոր
Հունիս 10 15:40 2022

Այսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։15-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված Skoda Octavia մակնիշի ավտոմեքենան Թբիլիսյան խճուղում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանն ու հայտնվել մայթին և բախվել շինության պատին։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ով աշխատում է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները, որտեղ վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, իսկ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից պարեկային ծառայության ավտոմեքենային և մի քանի ավտոմեքենաների համար վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դիմել է փախուստի։