Արցախը նշաձող չունի իջեցնելու. Դավիթ Բաբայան


Արցախը նշաձող չունի իջեցնելու. Դավիթ Բաբայան
Մայիս 11 14:29 2022

Ացախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի խոսքով՝ Արցախն այլևս նշաձողեր չունի իջեցնելու, ունենք կարմիր գիծ, որով պիտի առաջնորդվենք: «Մենք դեմ չենք երկխոսությանը, միշտ էլ ողջունել ենք այն երկխոսությունը, որը կբերի կայուն խաղաղություն: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չի կարող լինել Արցախի հաշվին՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հաշվին։ Սա կարմիր գիծ է, որի հատումը կբերի անկանխատեսելի հետևանքների։ Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկները՝ 5 կետ կլինի 7, թե 17, մենք ունենք միայն մեկ կետ՝ չենք լինելու Ադրբեջանի կազմում: Արցախի բախտն ու ճակատագիրը որոշում է համայն հայությունը, առաջին հերթին Արցախը: Այդ գիծը տանելու ենք մինչև վերջ, որովհետև իսկապես Արցախի ճակատագրից է կախված համայն հայության ճակատագիրը և ինչ-որ տեղ նաև միջազգային հարաբերությունների հետագա ընթացքը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը: Բաբայանի խոսքով՝ հասկանալի է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները սերտորեն փոխկապակցված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետ, բայց, այնուամենայնիվ, առանձին գործընթացներ են:

«Ադրբեջանն ուզում է մեկը մյուսի հետ այնպես կապել, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելով՝ հասնի նրան, որ Հայաստանը Արցախը ճանաչի որպես Ադրբեջանի մաս: Ես չեմ կարծում, որ սա հնարավոր է, որովհետև սա բերելու է Արցախի կործանմանը, չկա Արցախ, չկա Հայաստան: Ադրբեջանը Արցախին ծանր վիրավորում է հասցրել, մենք տարածքներ ենք կորցրել, հազարավոր զոհեր ու վիրավորներ ունենք, բայց Արցախը կա, և մենք պիտի ամեն ինչ անենք, որ Արցախը միշտ մնա, իսկ Արցախը մի դեպքում կմնա, երբ չլինի Ադրբեջանի կազմում»,- ընդգծեց Արցախի ԱԳ նախարարը: Դավիթ Բաբայանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ միջազգային հանրությունը պահանջում է Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնել, հայտարարեց. «Արցախը այլևս նշաձողեր չունի իջեցնելու, ունենք կարմիր գիծ, որով պիտի առաջնորդվենք:

Միջազգային հանրություն խայտաբղետ հասկացություն է. իհարկե միջազգային հանրության մի մասը ուզում է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում և կործանվի: Բայց կան նաև երկրներ, ովքեր չեն ուզում Արցախի կործանումը: Մենք պետք է փրկենք մեր երկիրը, այլ ոչ թե մտածենք աշխարհաքաղաքական դիվիդենտ շահելու, այս կամ այն երկրի դեմ պայքար իրականացնելու մասին, դրա համար ունենք բոլոր հիմքերը՝ պաշտպանենք այն, ինչ ունենք։ Ցանկացած գործընթաց պարունակում է և վտանգ, և հնարավորություն. հիմա մենք ինչպես ենք այդ վտանգները մինիմումի հասցնում և հնարավորությունները մաքսիմումի՝ կախված է մեր հայրենասիրությունից և մեր արհեստավարժությունից: Ամեն ինչ բացառապես մեզնից է կախված»,- եզրափակեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը: