Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը իր և ամուսնու՝ ռեժիսոր Ատոմ Էգոյանի անունից Facebook-ի իր էջում բաց նամակ է հրապարակել՝ ուղղված «Ոսկե ծիրան» կինոփառատոնին՝ պահանջելով վերանայել ԼԳԲՏ համայնքի մասին պատմող ֆիլմերը փառատոնի ծրագրից հանելու գաղափարը:
Նա մասնավորապես, նշել է, որ իրենք խիստ անհանգստացած են Կինոմատոգրաֆիստների միության իրականացրած գրաքննության և դրան հաջորդած՝ «Ոսկե ծիրան»-ի մի ամբողջ ծրագիրը չեղարկելու որոշման առիթով: «Մենք շատ անհանգստացած ենք Կինեմատոգրաֆիստների միության կողմից գրաքննության և դրան հաջորդած՝ «Ոսկե ծիրան»-ի ամբողջ ծրագիրը չեղարկելու որոշման առիթով: Ատոմը փառատոնի նախագահն է եղել շուրջ տասը տարի, և մտահոգիչ է տեսնել, որ փառատոնը, որը մենք երկուսս էլ հպարտորեն ջատագովել ենք միջազգային կինոյի շրջանակներում՝ հանուն ֆիլմերի ու ֆիլմարտադրողների, որոնք բարձրաձայնում են մարդու իրավունքների կարևոր խնդիրների մասին, կարող է ճնշումների ենթարկվել, հատկապես երբ այդ գաղափարները պետք է քննարկվեն և երևան բերվեն:
Չկա, իհարկե, ավելի լավ ձև հարգելու հայ կարևոր կինոգործիչ Ռուբեն Գևորգյանցի հիշատակը, քան համոզվելով, որ հայկական ձայներից նոր ֆիլմեր կարող են ցուցադրվել և տարածվել: Մենք երբևէ չենք լսել, որ նոր ֆիլմերի ծրագիր չեղարկվի՝ հարգանքի տուրք մատուցելու կինոգործչի մահվան կապակցությամբ՝ ի նշան սգի և հարգանքի: Այս պնդումը, հետևաբար, բավականին անհեթեթ է թվում:
Մենք կոչ ենք անում «Ոսկե ծիրան»-ին վերանայե՛լ այս տարօրինակ որոշումը: Մենք կոչ ենք ենք անում փառատոնին ներկայացնե՛լ մտածելու դրդող այս ծրագիրը, որն արտացոլում է այսօր Հայաստանում, ինչպես նաև սփյուռքում ձայների իրական բազմազանությունը»,- գրել է Արսինե Խանջյանը:
Հիշեցնենք, որ օրերս հայտնի է դարձել, որ «Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի արտամրցութային ծրագրից հանել են «Լսիր ինձ․ չպատմված պատմություններ ատելությունից անդին» վավերագրությունը և «Ծիրանի այգիներ» գեղարվեստական ֆիլմերը, որոնք անդրադառնում են ԼԳԲՏ համայնքին:
«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը պարզաբանել էր․ «Մեր գործընկերներից մեկը Կինոմիությունն է, որոնցից մենք դահլիճ չենք վարձում, այլ իրենք այդ ինֆորմացիոն ծրագիրը ցուցադրում են Կինոյի տանը: Մենք պայմանավորվել էինք Ռուբեն Գևորգյանցի հետ, ով վերջերս մահացավ: Ծրագիրը պետք է ցուցադրվեր և հանկարծ պարզվեց, որ բավականին մեծ աղմուկ կա ծրագրի շուրջ հասարակության կողմից: Նոր ղեկավարներն էլ հայտնեցին, որ իրենք այսպիսի սգի չեն կարող նման ծրագիր ցուցադրել»։