Արցախում ռազմական դրության քրոնիկոնը


Արցախում ռազմական դրության քրոնիկոնը
Մարտ 26 22:00 2022

2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարվեց, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախում ռազմական դրություն է հայտարարել։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է Արցախում ռազմական դրությունների պատմությունը։

Արցախում առաջին անգամ ռազմական դրություն է հայտարարվել 1992 թվականին օգոստոսի 12-ի: Այդ հրամանագրի պատճենը ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ տրամադրել է Արցախի նախագահի աշխատակազմը: Հրամանագիրը այն ժամանակ ստորագրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերարգույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը և Գերագույն խորհրդի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը: Դա թերևս պատերազմի ամենածանր փուլն էր, հենց նույն հրամանգրով 1947-ից մինչև 1974 թվականները ծնված քաղաքացիների զորահավաք է հայտարարվել: 

Վեց ամսով ռազմական դրություն մտցվել է «ԼՂՀ պետական ինքնիշխանության հիմունքների մասին» ԼՂՀ սահմանադրական օրենքի համապատասխան, ինչպես նշվում է այդ հրամանագրում: 

Արցախի արդարադատության նախարարությունը ՍիվիլՆեթին է տրամադրել Արցախի իրավական տեղեկատվական համակարգում առկա (Arlexis.am) ԼՂՀ գերագույն խորհրդի 1994 թվականից սկսած որոշումը, որով ևս վեց ամսով երկարաձգվել է ռազմական դրության ժամկետը: Ամենայն հավանականությամբ, 1992-ի հրամանագրից հետո այն նույնպես պարբերաբար երկարաձգվել է, սակայն այդ որոշումները չկան Arlexis.am-ում: 

1995 թվականին ընդունվել է Ռազմական դրության մասին ԼՂՀ օրենքը, որով ուժը կորցրած է ճանաչվել 1992 թվականի օգոստոսի 12-ին հայտնի հրամանագիրը: 

«Դրանից հետո ԼՂՀ -ում ռազմական դրություն հայտարարելու մասին հրամանագիր առկա չէ։ Առկա են միայն ռազմական դրությունը երկարաձգելու մասին հրամանագրեր` հղում անելով ԼՂՀ ԳԽ վերոգրյալ հրամանագրերին, որն էլ փաստացի գոյություն չունի 1995 թվականի «ռուսերեն օրենքով»: Այսինքն մի կողմից ունենք երկարաձգելու մասին բազմաթիվ հրամանագրեր, բայց թե ինչն է երկարաձգվում՝ պարզ չէ»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է իրավաբան Վաղարշ Աղաբեկյանը։

Այդ օրենքի ռուսերեն տարբերակը հասանաելի էArlexis.am կայքում: Այն 2019 թվականի հունվարի 8-ին ուժը կորցրած է ճանաչվել, որին նույն օրը փոխարինելու է եկել Արցախի օրենքը ռազմական դրության իրավական ռեժիմի մասին

Այնուհետև 1995 թվականի դեկտեմբերի 12-ին ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրն է ուժի մեջ մտնում ռազմական դրությունը երկարաձգելու մասին, որով ԼՂՀ ողջ տարածքում գործող ռազմական դրության ռեժիմը երկարաձգվում է մինչև 1997 թվականի հունվարի 1-ը: Իսկ դրան հաջորդում է 1997 թվականի 117 համարով հրամանագիրը, որով ռազմական դրությունը երկարաձգվում է մինչև 1998 թվական: 

Հետագայում բոլոր երկարաձգումները կատարվում են 1997 թվականի հունվարի 7-ի թիվ 117 հրամանագրով սահմանված կարգով և շրջանակներում՝ մինչև 2006 թվական, որտեղ, սակայն, ժամկետները չեն նշվում, պարզապես գրած է. «Երկարաձգել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ տարածքում գործող ռազմական դրությունը»: 

Արցախում հրապարակվող «Դեմո» թերթի 2005-ի համարում կարդում ենք. 

1997-ին «Ռազմական դրության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելուց հետո մարտական գործողությունների բացակայության պարագայում չեն կիրառվում ռազմական դրությանը բնորոշ որոշ դրույթներ. «Մասնավորապես, չի գործում գրաքննությունը, չեն արգելվում հավաքները, բնակչությանը պատկանող ավտոմեքենաները չեն օգտագործվում պաշտպանության նպատակներով: Ինչպես տեղեկացրել է պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Ռուդոլֆ Մարտիրոսյանը, չեն կիրառվում այն դրույթները, որոնք կապված են քաղաքացիական հասարակության կենսագործունեության հետ:»:

Ստացվում է, որ Արցախում ռազմական դրությունը երբևիցե չի էլ հանվե՞լ: 

Այս հարցին Վաղարշ Աղաբեկյաը դժվարանում է պատասխանել. «Կարող եմ հակառակ պնդում անել, որ ռազմական դրությունը, ըստ 1995 թվականի «Ռազմական դրության մասին» օրենքի 12-րդ հոդվածի, հանվել է և դրանից հետո ռազմական դրություն չի հայտարարվել, ուստի եթե չկա նոր հրամանագիր՝ ռազմական դրություն հայտարարելու մասին, ապա նաև ռազմական դրություն չկա։ Իսկ այդպիսի հրամանագիր, ինչպես տեսնում ենք, դեռ չենք հանդիպել»:


2020-ի սեպտեմբերի 27-ին պատերազմի սկսվելուն պես մամուլը գրեց, որ Արայիկ Հարությունյանը հայտարարել է ռազմական դրություն և զորահավաք: Այնինչ խոսքը միայն զորահավաքի մասին էր: 2020 թվականի հոկտեմբերի 14-ին, ի լրումն արդեն մեզ հայտնի 1997 թվականի հունվարի 7-ի 117 հրամանագրովնախատեսված միջոցառումների և սահմանափակումների և հիմք ընդունելով 2019 ուժի մեջ մտած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի, Արցախի տարածքում սկսեցին լրացուցիչ իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումներ կիրառել: Արայիկ Հարությունյանի ստորագրած այդ հրամանագիրը ուժը կորցրած է ճանաչվել 2020 թվականի դեկտեմբերի 20-ին: 

Հայկ Ղազարյան
Civilnet.am