Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը։
Ադրբեջանի զինված ուժերը դեռևս 2020թ-ի դեկտեմբերին տեղակայվել էին գյուղից ընդամենը 500 մետր հեռավորության վրա և իրենց վերահսկողության տակ էին վերցրել Փառուխի գլխավոր ճանապարհը, իսկ գյուղացիները անտառի միջով անցնող հին ճանապարհն էին օգտագործում, որը շատ վատ վիճակում է գտնվում և դեռ պատերազմի ավարտին էին խոստացել, որ հարցը պետք է կարգավորվի, սակայն հարցը ոչ միայն չկարգավորվեց, այլև երեկվանից ամբողջ գյուղն է գտնվում թշնամու վերահսկողության տակ։
Գյուղում կա 20 տուն։ Մինչև պատերազմը բնակվում էր 82 մարդ, որից 50-ը մշտական բնակիչ էին, իսկ պատերազմից հետո մնացել էր 3-4 տղամարդ, ովքեր գյուղում զբաղվում էին անասնապահությամբ։
Փառուխը Արցախի հնագույն բնակավայրերից է։ Այստեղ մարդիկ սկսել են բնակվել դեռևս 9-րդ դարից։Փառուխ գյուղը գտնվում է Արցախի լեռնաշղթայի Քարագլուխ բարձունքի անմիջապես ստորոտին՝ ծովի մակերևույթից 800 մետր բարձրության վրա՝ Խաչեն գետի ափին։
Փառուխը Ասկերանից հեռու է 16 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 32։ Բնակավայրից հյուսիս գտնվում է Ասկերանի շրջանի Քարագլուխ, հյուսիս-արևմուտքում՝ Մարտակերտի շրջանի Հովտաշեն, հարավ-արևելքում՝ Ասկերանի շրջանի Խրամորթ, հյուսիս-արևելքում՝ Ասկերանի շրջանի Արմենակավան բնակավայրերը։
Փառուխ գյուղի տարածքում առկա են մի շարք պատմամշակութային հուշարձաններ։ Դրանցից է գյուղի հարավ-արևմուտք գտնվող և 9-ից 12-րդ դարերով թվագրվող Կալեն Խութ անունը կրող գերեզմանոցը։
Նշենք, որ երեկ գյուղի բնակիչները տարհանվել են։ Միաժամանակ, տարհանվել են նաև Փառուխի հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։