«Արդեն ամիսներ շարունակ ահազանգում եմ, որ Ադրբեջանի հետ շփման գծի ողջ երկայնքով փոփոխություններ են տեղի ունենում։ Թշնամին, առանց որևէ արգելքի, վերցնում է ռազմավարական նշանակության կարևորագույն դիրքերը՝ սկսած Տավուշից, Գեղարքունիքից, Սյունիքից մինչև Երասխ։ Թշնամին առանց որևէ խոչընդոտի առաջ է գալիս», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։
Զրուցակիցը մեկ անգամ ևս ընդգծել է՝ թշնամին վերցնում է այնպիսի դիրքեր, որոնք, անվտանգային տեսակետից, ռազմավարական նշանակության բացառիկ կարևորություն ունեն.«Օրինակ, դրանք այնպիսի բարձունքներ են, որոնք վերահսկության տակ են պահում կարևորագույն ենթակառուցվածքներ սնուցող ճանապարհներ, ինչպիսիք են՝ դիրքերը սնուցող ճանապարհները, գյուղերի հետ կապ ապահովող ճանապարհները և այլն։ Մանրամասնեմ, որպեսզի ունենանք կենսունակություն, այսինքն՝ ինչ – որ դիրքում կանգնած զինծառայողը, ով մարտական հերթապահություն է իրականացնում, պատերազմական ակտիվ գործողությունների ընթացքում կարողանա համապատասխան զենք – զինամթերք, սնունդ կամ դեղորայք ստանալ, այդ ճանապարհները պետք է ոչ միայն մեր լիարժեք վերահսկողության տակ լինեն, այլև չդիտարկվեն հակառակորդի Զինված ուժերի կողմից։ Հակառակ պարագայում, թե՛ այդպիսի դիրքերը, թե՛ գյուղերն, ամբողջությամբ, կարող են շրջափակման մեջ հայտնվել և կտրվել արտաքին աշխարհի հետ որևէ կապից։ Ի՞նչ պետք է անի, օրինակ, այդպիսի իրավիճակում հայտնված զինվորը՝ կամ ինքնասպանություն գործի, կամ գերեվարվի, որովհետև այդպիսի իրավիճակում՝ նահանջելու հնարավորությունից նա, պրակտիկորեն, զրկված է լինելու»։
Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում, երբ թշնամու ուժերը կրակ բացեն, հայկական առաջապահ դիրքերն ու գյուղերը միանգամից կտրվելու են թիկունքից ու հայտնվեն ոչ միայն նրանց վերահսկողության, այլ նաև՝ ուղիղ նշանառության տակ.«Երբ Նիկոլ Վովայիչն ասում է, թե իրենք առաջարկել են թուրքերին մի քանի դիրք հետ քաշել մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք՝ իրենց տարածքից հետ կքաշենք, սա, ուղղակի, ծիծաղելի է, այն իմաստով, որ թշնամին որևէ սանտիմետր հետ չի քաշվելու իր վերցրած դիրքերից։ Նորից եմ կրկնում՝ սա, ուղղակի, ծիծաղելի է, եթե չասեմ՝ ծուղակ։ Վերցնելուց խոսողը նախ պետք է գոնե խոչընդոտեր, որպեսզի թշնամու ուժերի այսօրինակ առաջխաղացում ՀՀ սուվերեն տարածքում տեղի չունենար, կամ, եթե նա ինչ - որ բան հետ վերցնելու նպատակ ուներ, ապա, դրա համար ամենահարմար ժամանակը ձմեռային եղանակն էր, ինչո՞ւ չօգտվեցին այդ հնարավորությունից՝ դուրս շպրտելու ՀՀ սահմանը հատած թշնամուն մեր երկրից։ Կամ կրակային հակազդեցություն թող իրականացնեին, ՀԱՊԿ-ին թող դիմեին…. Հասկանո՞ւմ եք՝ միջոցներն ու հնարավորությունները շատ են եղել, պարզապես, հավանաբար, նման ցանկություն չի եղել»,- հայտարարել է Վան Համբարձումյանը։
Խոսելով թշնամու անխոչընդոտ առաջխաղացման մասին՝ ռազմական փորձագետն ասել է՝ ուղղակի ապշած է՝ ինչպես կարելի է քայլելով գալ ու վերցնել երկրի համար կարևորագույն նշանակության դիրքեր, բարձունքներ և այլն։
«Հասկանո՞ւմ եք՝ թշնամին առանց որևէ խոչընդոտի, ուղղակի, ոտքով քայլելով գալիս է ու գրավում քո երկրի կարևոր ռազմավարական նշանակության դիրքերը։ Եվ այդ ողջ ճանապարհին նա որևէ խոչընդոտի չի հանդիպում։ Լավ, ինձ մոտ հարց է ծագում՝ դեպի այդ դիրքերը տանող ճանապարհներն ականապատված չե՞ն, թե՞ թշնամուն հայտնի է եղել ականապատ տարածքների տեղանքը և նա, հաջողությամբ շրջանցելով տարածքը, եկել, նստել է դիրքերի վրա։ Հասկանո՞ւմ եք՝ անպատասխան հարցերն այնքան շատ են, որոնք պարզաբանում են պահանջում, իսկ, եթե հաշվի առնենք, որ, ստեղծված իրավիճակում, մեզ առաջիկա մոտ ապագայում ռազմական ակտիվ գործողություններ են սպասվում՝ սահմանի ամբողջ երկայնքով, ապա պատկերն ավելի քան պարզ է դառնում՝ առանց մեկնաբանությունների»- ամփոփելով զրույցն ասել է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։