Հիսուսի արձանի կառուցումը մեծ ոգեւորություն է առաջացրել մշակութային գործիչների, արվեստագետների, շոուբիզնեսի ներկայացուցիչների շրջանում։
Հայաստանի վաստակավոր արտիստ Ջուլիետա Ստեփանյանը, ողջունելով Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրելու Գագիկ Ծառուկյանի գաղափարը՝ նշեց, որ որպես առաջին Քրիստոնյա երկիր՝ Հիսուսի արձանը հարկավոր է ունենա, այն բարիք կբերի մեր երկրին։
Երգչուհի Ռուզան Ավետիքյանը նույնպես կարծում է, պատերազմից հետո Ամենափրկչի կոթողը կհամախմբի հավատավոր հայ ժողովրդին ու ավելի կմոտեցնի Քրիստոնեական ուսմունքին։ «Ես կարծում եմ, որ սա այն թեման է, որտեղ,ուղղակի պետք է ուրախ լինել, որ կան մարդիկ, որոնք ուզում են երկրի համար մի ինչ-որ լավ բան անել, բայց սա արդեն ոչ միայն երկրինն ու պետությանն է լինելու, այլ մեր բոլորինը»,- ասել է նա ու հավելել, որ ևս մեկ վայր ենք ունենալու, որտեղ կարող ենք գնալ մեր հույզերի, հոգսերի մասին խոսել և ստանալ օրհնություն։ «Մենք կարծես թե վերջին ժամանակներում մի քիչ հեռացել ենք եկեղեցուց, Աստծուց, գուցե այս գաղափարը կտանի դեպի միասնականություն»,-ասել է երգչուհին։
Երգիչ Մհերը եւս ողջունել է գաղափարը.-«Շատ լավ գաղափար է։ Որպես քրիստոնյա ազգ՝ ցավոք հեռացել ենք Աստծուց և խնդիրների առջև ենք կանգնել, մենք ինչքան շատ փառաբանենք Աստծուն, այնքան ավելի լավ կլինի բոլորիս համար, սա մեծ հետաքրքիր իրադարձություն կլինի մեր երկրի համար»,- ասել է երգիչը։