Ադրբեջանը հայտարարել է եկեղեցիներից հայկական հետքերը վերացնելու ծրագրերի մասին. Մայր Աթոռն արձագանքում է՝ սա մշակութային Ցեղասպանություն է


Ադրբեջանը հայտարարել է եկեղեցիներից հայկական հետքերը վերացնելու ծրագրերի մասին. Մայր Աթոռն արձագանքում է՝ սա մշակութային Ցեղասպանություն է
Փետրվար 6 11:22 2022

EurasiaNet-ը գրում է՝ Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, թե մտադիր է ջնջել հայկական գրությունները կրոնական վայրերից, այն տարածքում, որոնք գրավել է 2020 թվականին Հայաստանի հետ պատերազմի ժամանակ։

Ըստ հոդվածագրի (Հեյդար Իսաև), Ադրբեջանն իր այս քայլը հիմնավորել է պնդելով, թե եկեղեցիներն ի սկզբանե եղել են Կովկասյան Ալբանիայի ժառանգությունը, հին թագավորություն, որը ժամանակին գտնվում էր ներկայիս Ադրբեջանի տարածքում: Նկատենք, որ վերոհիշյալ տեսությունը, որն, ի դեպ, չեն պաշտպանում պատմաբանները, երկար ժամանակ քարոզվել է ադրբեջանցի ազգայնական պատմաբանների շրջանում և հավանության արժանացել Բաքվի ներկայիս կառավարության կողմից:

Հոդվածագիրը հավելում է, որ Ադրբեջանի Մշակույթի նախարար Անար Քարիմովի՝ փետրվարի 3-ին տված ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով թեմային, նշել է, թե ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պատասխանատու կլինի «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա գրված հորինված հետքերը վերացնելու համար»։ Վերջինս ասել է. «Մենք աշխատանքային խմբի անդամների հետ պատրաստվում ենք ստուգել այդ վայրերը, և ստուգումից հետո կդիտարկենք մեր հետագա քայլերը»։ Չնշելով, թե ովքեր են լինելու աշխատանքային խմբում, նախարար Քարիմովը հայտարարել է, որ խումբը բաղկացած է լինելու ինչպես տեղական, այնպես էլ միջազգային փորձագետներից։

Նկատենք, որ 2020թ. 44 օրյա պատերազմին հաջորդած զինադադարի ստորագրման հաջորդ օրը Ադրբեջանի մշակույթի նախարարը թվիթերում գրառում էր կատարել Քարվաճառի շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանք վանական համալիրի վերաբերյալ՝ անվանելով այն իբր ադրբեջանական «Խուդավանգ» անունով և բնութագրելով որպես «հին կովկասյան Ալբանիայի քաղաքակրթության լավագույն վկայություններից մեկը»։

Ադրբեջանական կողմից սպասվելիք հերթական վանդալիզմի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով «Փաստինֆո»-ն կապ է հաստատել Մայր Աթոռի` Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի պատասխանատուների հետ, որոնք ի պատասխան մեր հարցմանը Ադրբեջանի վարքագիծը որակեցին մշակութային Ցեղասպանություն. «Տեղյակ ենք, որ Ադրբեջանում ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է ջնջել հայկական սրբավայրերի արձանագրությունները և աղավաղել պատմական փաստերը։ Դատապարտելի է «մասնագիտական» նման խնբի գործունեությունը, որը մի նոր փուլ է Ադրբեջանի՝ հայկական հոգևոր և մշակութային արժեքների վերացման, կամ պատմական փաստերի խեղաթյուրման կործանարար գործունեության»,- ասվում է պաշտոնական պատասխանում։

«Փաստինֆո»-ի մեկ այլ հարցին ի պատասպան՝ ալբանական են արդյո՞ք Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում մնացած եկեղեցիները, ինչպես որ հաստատում է ադրբեջանական կողմը և ինչո՞ւ կամ ի՞նչ տրամաբանության տիրույթում է Ադրբեջանի մշակույթի նախարարը նման հայտարարություններով հանդես գալիս, Մայր Աթոռի` Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակը պատասխանում է. «Արցախի հայկական սրբավայրերի դարավոր արձանագրությունները պատմական վկայություններ են տվյալ սրբավայրերի հայկական պատկանելիության և դրանց վերացումը կամ մաքրումը պետք է դատապարտվի քաղաքակիրթ աշխարհի կողմից։ Քանի որ այստեղ խնդիրը միայն հայկական հոգևոր արժեքների վերացումը չէ, այլ նաև տարածաշրջանում քրիստոնեական դարավոր ներակայության վերացումն է։ Սա մշակութային ցեղասպանություն է»։

Հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականին, 44 օրյա պատերազմի ավարտից օրեր անց, Ադրբեջանը Քարվաճառում հայկական Դադիվանքի քարոզիչ էր նշանակել ազգությամբ ուդի ոմն Ռաֆիկ Դանաքարիին, ով էլ իր հերթին հայտարարել էր, թե իբր Արցախի տարածքում գտնվում են ավելի քան 300 «ալբանական» եկեղեցիներ, որոնք ինքը պատրաստվում է այցելել: Ավելի վաղ Դադիվանք էին այցելել ադրբեջանցիներ և ուդիներ, ովքեր աղոթել են վանական համալիրում: