2020թ․-ի սեպտեմբերի 26-ին Արամայիս Հայրապետյանի 28-ամյակն էր, նույն օրը Արամայիսի նշանադրությունն էր, իսկ 27-ի առավոտյան պայուսակը պատրաստ էր Արցախ մեկնելու համար:
Բժիշկ, կապիտան Արամայիս Հայրապետյանը զոհվել է 44-օրյա պատերազմի 42-րդ օրը՝ վիրավորին օգնության հասնելու ճանապարհին՝ ականի պայթյունից։
Արամայիսն ընտանիքի անդամներին խոստացել էր վերադառնալ և կիսատ մնացած խնջույքը շարունակել պատերազմից հետո: Ընտանիքի անդամներին վստահեցրել էր, թե ապահով տեղում է լինելու, իրեն վտանգ չի սպառնալու:
«Ասում էր՝ մամ, ես իմ գործն եմ անելու, ասելու եմ ՝ էս զինվորին էստեղ տարեք, նրան բերեք»,-պատմում է Արամայիսի մայրը՝ Հերմինե Ղազարյանը։ Հարազատներն Արամայիսին Մայիս էին ասում:
Արամայիսը 2020թ․-ի օգոստոսին Մարտունիում ավարտել էր ռազմական բժշկի ծառայությունն ու Հայաստան վերադարձել։ Նա ուսումը շարունակելու էր օրդինատուրայում, աշխատելու էր Մուրացանի անվան հիվանդանոցում՝ քիթ-կոկորդ-ականջ մասնագիտացմամբ։
Պատերազմի սկսվելուց հետո նրան ու իր 3 ընկերներին համալսարանը չէր թույլատրել մեկնել Արցախ, քանի որ նոր էին ավարտել ծառայությունը։ Արամայիսը դիմում է գրել պաշտպանության նախարարություն ու խնդրել իրեն կրկին նշանակել նախկին պաշտոնում։ Հոկտեմբերի 1-ին մեկնել է երկրորդ պաշտպանական շրջան (Մարտունի 2)։
Վաղ տարիքից Արամայիսը որոշել էր բժիշկ դառնալ։ 2008-ին ընդունվել է Հերացու անվան բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետ։ Հետագայում ուսումը շարունակել է որպես ռազմական բժիշկ։ Ինտերնատուրան ավարտելուց հետո ծառայության էր անցել Շուշիում, այնուհետև՝ տեղափոխվել 2-րդ պաշտպանական շրջան, նախ՝ որպես բուժկետի պետ, ապա՝ բուժծառայության պետ։
Շարունակությունը՝ սկզնաղբյուր կայքում