«Դիպուկահարը տղայիս ծնկներին է կրակել, սրտին․․․ Շուշիում շրջափակման մեջ է եղել»․ Էրիկ Հովհաննիսյանը 42 օր կռվել է


«Դիպուկահարը տղայիս ծնկներին է կրակել, սրտին․․․ Շուշիում շրջափակման մեջ է եղել»․ Էրիկ Հովհաննիսյանը 42 օր կռվել է
Հունվար 31 19:54 2022

«Նախքան զորակոչվելն ասում էի՝ Էրիկ ջան, ընդունվի նոր գնա: Ասում էր՝ մամ ջան, խի ես վռազում, կզորակոչվեմ, կընդունվեմ»,-պատմում է Արցախյան 2-րդ պատերազմում զոհված Էրիկ Հովհանիսյանի մայրը՝ Հասմիկ Բախշյանը:

Մոր խոսքով՝ տղան երբեք ծառայությունից չի բողոքել, միշտ ասել է, որ ամեն ինչ ունի, իրեն ոչինչ պետք չէ:

 
 

«Նախքան պատերազմի սկսվելն ամեն օր խոսում էի հետը, հատուկ ժամ կար: Պատերազմը, որ սկսվեց, չէր ասում, որ դիրքերում է, ասում էր՝ մամ, մենք նորակոչիկ ենք, բունկերում ենք, ապահով տեղում ենք: Հետո իմացա, որ տարել են Մարտունի, Հադրութի ծանր մարտերից հետո ինչ-որ դպրոցում պետք է հանգստանային, բայց երեխաները բավականին կորուստ են ունեցել, դրա մասին մի կամավոր է պատմել: Ասաց՝ Էրիկը, որ մտավ, այնքան հոգնած տեսք ուներ, չկարողացա ինձ զսպեմ, լացեցի, ասաց՝ հոպար մի լացի, գրկեց, ասաց՝ ամեն ինչ լավ ա լինելու»,-ասում է Էրիկի մայրը:

Հասմիկ Բախշյանը պատմում է, որ հետո տղային տեղափոխել են Շուշի: Իրենց ամենաերկար զրույցը նոյեմբերի 6-ին է եղել, հաջորդ օրը տղան ասել է, որ էլ չի զանգելու, մորը խնդրել է, որ չլացի, չտխրի, ինքը լավ է:

«Խոսակցություն էի լսում, տղաներն ասում էին՝ հլը նայեք, նայեք՝ ոնց են մտնում: Հետո իմացա, որ իրենք շրջափակման մեջ են եղել, իր վիրավոր ընկերներից մեկն է պատմել»,-ասում է տիկին Հասմիկը:

Էրիկ Հովհանիսյանը ծնվել է 2002 թվականի մայիսի 7-ին: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 7-ին:

 

Մանրամասները՝ տեսանյութում: