Երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը, Կարապետ Անտոնյանը 1 տարի 9 ամսվա զինծառայող էր: Սեպտեմբերի 27-ից Կարապետենց հակատանկային դասակը Ջրականում համառ մարտեր մղեց թշնամու դեմ: Ժամկետային զինծառայողը հակատանկային դասակի ջոկի հրամանատար էր:
Կարապետի ճշգրիտ և դիպուկ հաշվարկների շնորհիվ կարողացել են թշնամուն զգալի կորուստներ պատճառել: Պատերազմի ընթացքում խոցելով 6 տանկ՝ Կարապետը ստացել է սպայի կոչում (լեյտենանտ):
Կարապետ Անտոնյանի մայրը՝ տիկին Գոհարը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է.
«Կարոս պատերազմի առաջին իսկ օրից Ջրականում է կռվել, իր ֆագոտով թշնամուն պատճառել է մարդկային ուժի և զինտեխնիկայի կորուստներ: Իմ Կարոյի սխրանքները հենց պատերազմի ժամանակ, իր կենդանության օրոք է գնահատվել: Կարոս միշտ ինձ հետ է, ամեն վայրկյան ու հավերժ կմնա կողքիս։ Նա արդարություն էր ու իր արդար վաստակով պատերազմի ընթացքում ստացավ լեյտենանտի կոչում ու արժանացավ «Մարտական առաջին խաչ» շքանշանին։
Հիմա Կարոյիս սխրանքների մասին ընկերներից եմ իմանում… ծառայակից ընկերը՝ Վահեն, պատմում է, որ Կարոս առաջին իսկ օրերից տանկեր էր խփում, հարձակումներ են եղել, որոնք հաղթանակել են Կարոյի շնորհիվ։ Վահեն պատմում է, որ Կարոն երբ իրենց հետ է եղել, ոչ մի տանկ չի կարողացել իրենց մոտենալ, որովհետև Կարոյի մարտավարության արդյունքում շատ արագ խոցվում էին թշնամու տանկերը:
Ցավ, հպարտություն՝ հիմա ամեն ինչ իրար են խառնվել, Կարոս միշտ մեր կողքին է, մեր սրտում, մեր մտքում:
Կարոս աշխույժ բնավորության տեր մարդ էր, կյանքով լի, հանդուրժող, ներողամիտ ընկեր, ընկեր, որն ամեն վայրկյան կողքիդ էր, իր խոսքերով ու կատակներով մեղմացնում էր սրտիդ ցավը, իսկ ընկեր ընտրելիս ընտրում էր լավագույնից լավագույնին»:
Արցախյան պատերազմում զոհված զինծառայողի մայր Գոհար Անտոնյանն ասում է՝ ես որդուս եմ կորցրել, բայց գիտակցում եմ, որ պատերազմ էր, և որևէ մեկը չէր կարող ասել՝ ով կվերադառնա, ով չի վերադառնա. հիմա պետք է մտածել ոտքի կանգնելու մասին:
Կարապետ Հովհաննեսի Անտոնյանը ծնվել է 2000թ. հուլիսի 9-ին: Սովորել է Հայաստանի պետական պոլիտեխնիկական համալսարանում, ուսումը կիսատ թողնելով՝ մեկնել է պարտադիր ժամկետային ծառայության, ծառայել է Ջրականում։ Կարապետը զոհվել է հոկտեմբերի 13-ին Ջրականի համար մղվող մարտերում: Արցախի նախագահի կողմից արժանացել է «Մարտական առաջին խաչ» շքանշանի:
Արցախյան պատերազմում անմահացած հերոսի մայրը պատմում է, որ որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 13-ին՝ զոհվելու օրը:
«Հոկտեմբերի 12-ին Կարոս զանգեց, ամսի 12-ին մեծ փորձանքից էր պրծել… երեկոյան զանգեց և խնդրեց, որ եկեղեցի գնանք և մոմ վառենք իր համար:
Ասացի՝ Կար ջան, ի՞նչ է պատահել, ասաց՝ մամ ջան, որ այսօր քո տղեն ողջ մնաց, էլ ոչինչ չի լինի:
Մենք գնացինք եկեղեցի, ամսի 13-ի առավոտյան Կարոս զանգեց, ասաց՝ մամ, իմ ցանկությունը կատարեցի՞ք, գնացի՞ք եկեղեցի:
Ես ասացի՝ հա, Կար ջան, դու հանգիստ եղիր, ասաց՝ լավ, մամ ջան, ու էդ օրը բոլորի հետ խոսել էր, հետո էլի իմ հետ խոսեց և ասաց՝ մամ ջան, էլ չեմ զանգի: Ես էդ ժամանակ անհանգստացա, ասացի՝ ոչինչ, բալես, կզանգես ու կասես պատերազմը ավարտվել է, մենք հաղթել ենք: Ու դա վերջին անգամն էր, որ լսեցի Կարոյիս ձայնը»,- եզրափակեց հերոսի մայրը՝ Գոհար Անտոնյանը:
Անահիտ Չալիկյան