Իր համար բանակի օրը եզակի տոներից մեկն էր, բնականաբար, տանը չէր նշում՝ միշտ դիրքերում, զորամասերում, միշտ գնում ու շնորհավորում էր իր զինվորներին։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այպես էր հիշում հունվարի 28-ն Արցախի հերոս, գնդապետ Սերգեյ Շաքարյանի որդին՝ Սլավա Շաքարյանը։
«Առավոտյան, երբ պատրաստվում էր աշխատանքի գնալ, առաջինը մենք էինք շնորհավորում, լինում էր՝ նախորդ գիշերը մնար զորամասում կամ դիրքերում, եւ առաջինը մենք չշնորհավորեինք»,- հիշում է Սլավան։
Գնդապետ Սերգեյ Շաքարյանը 30 տարվա զինվորական փորձ ուներ՝ մասնակցել էր Արցախյան առաջին պատերազմին, ծառայել Հադրությում, Ջրականում, Ասկերանում, Վարանդայում։ Ապրիլյան պատերազմի ժամանակ ղեկավարել էր Հադրութի զորամասը։ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին իր վրա էր վերցրել Հադրութի դիրքերի պաշտպանությունը եւ մինչեւ իր վերջին րոպեներն էլ անառիկ պահել դրանք։
«Հոկտեմբերի 25-ին Մարտունիում էր, բայց ղեկավարում էր նաեւ Վարանդայի, Հադրութի հատվածները, հենց Մարտունու հատվածում էլ հայրս զոհվեց։ Ես էլ էի դիրքերում այդ ժամանակ, ես իրան էի դուխ տալիս, ինքը՝ ինձ, գիտակցում էինք, որ իրավիճակը շատ լարված է, շատ վատ օրեր են, բայց ոչ մեկս մեր մտքերը չէինք արտահայտում, բայց գիտեինք՝ ինչ է կատարվում»,- վերհիշում է Արցախի հերոսի որդին։
Երազանք, ասում է, չունի, միայն՝ նպատակ, իսկ եթե շատ աշխատես, վստահ է՝ կհասնես դրան։
«Հույս ունենանք, որ օրերից մի օր, որքան հնարավոր է շուտ, կվերադառնանք ու կապրենք, կարարենք Հադրությում՝ ցավոք սրտի, առանց հայրիկի ու այն հերոս տղերքի, որոնք նահատակվեցին»,- ասում է Սլավա Շաքարյանը