«Իմ հերոս»․ զոհված զինծառայողներին, նրանց ընտանիքների կյանքը ներկայացնող կայք է թողարկվել


«Իմ հերոս»․ զոհված զինծառայողներին, նրանց ընտանիքների կյանքը ներկայացնող կայք է թողարկվել
Հունվար 25 21:06 2022

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների, նրանց ընտանիքների կյանքի մասին տեղեկություններ ներկայացնող կայք է թողարկվել: «Սերունդներ հանուն ճշմարտության» նախաձեռնության հիմնադիր, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի խոսքով՝ Imheros.am-ը ստեղծելու գաղափարը պատերազմի ավարտից շաբաթներ անց է առաջացել։

«Ընկերներիս հետ անդադար խոսում էինք, փորձում հասկանալ՝ ինչպես դուրս գալ այդ շոկային վիճակից, եւ միտք առաջացավ, որ ճիշտ կլինի՝ մեր հերոսների համար մի կայք ստեղծվի, որտեղ ներկայացված կլինեն բոլոր հերոսները՝ համառոտ կենսագրականներով։ Հետո միտքը զարգացրինք եւ եկանք նրան, որ սա պետք է լինի ապրելու գիրք՝ ներկայացված լինի, թե ինչպես են ապրում հերոսների ընտանիքները, նոր երեխաներ են ծնվում կամ հերոս տղերքից մեկը եղբայրն է ապաքինվել, որեւէ հաջողության հասել եւ այլն։ Այսինքն, սա լինի առաջ տանող, եւ ոչ թե, կոպիտ ասած, թվային «Եռաբլուր»։ Սա պետք է օգտակար լինի բոլոր մարդկանց համար, որ կարողանան տեսնել եւ գտնել մեր երեխաների տվյալները։ Կայքն անընդհատ թարմացվելու է, քանի որ, ցավոք, հազարավոր զոհեր ունենք, մինչեւ բոլոր տղերքի մասին գոնե ամփոփ տվյալներ լինեն, եթե նրանց մասին հոդվածներ եւ ռեպորտաժներ լինեն, եւս կայքում ներկայացված են լինելու»,- կայքի շնորհանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Նազարյանը։

Մինչ այս տարածված մի քանի հայտարարությունից հետո, Նազարյանի փոխանցմամբ, մոտ 3000 զոհված զինծառայողի մասին տվյալներ են ուղարկվել հարազատներից կողմից, վստահ է՝ կայքի թողարկումից հետո տեղեկատվության հոսքը շարունակվելու է, քանի որ, ցավոք սրտի, վերջին պատերազմի զոհերի թիվն ավելին է։

Կայքում պետք է նաեւ Արցախյան առաջին պատերազմի եւ 2016թ․ Ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակված հերոսներին նվիրված բաժիններ ստեղծվեն։