ՀՀ և ԱՀ նախագահների հրամանագրերով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրվել են Սիսիան համայնքից Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներ Գեորգի Վարդանի Միքայելյանը, Նարեկ Լյովայի Մնացականյանը և Պարույր Արամայիսի Եսայանը: Այս մասին հայտնում են Սիսիանի համայնքապետարանից:
Մեդալները հանձնել են Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը և ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման Սիսիանի բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Խաչատրյանը:
Ծնողների և հարազատների խնդրանքով մեդալների հանձման արարողությունը տեղի ունեցավ Սիսիանի քաղաքային պանթեոնում: