Հունվար 11-ին Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել են։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝
Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ
Վահան Վաչագանի Բաբայանին թիվ N զորամասի ժամկետային պար-տադիր զինծառայող, շարքային
Արթուր Արտյոմի Մխիթարյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային»,-ասված է ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրում։
Հիշեցնենք՝ հունվարի 11-ին՝ ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել էր։
Նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել էին կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել էր համարժեք գործողությունների։
Ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։
ՊՆ-ն այնուհետև հաղորդեց, որ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության գոտում նույն օրը՝ կեսգիշերին, հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով: