Ռուդիկը վերջին անգամ խոսել է հայրիկի հետ. ասելու բան չէ, թե ինչ. մանրամասներ երեկ զոհված զինծառայողից


Ռուդիկը վերջին անգամ խոսել է հայրիկի հետ. ասելու բան չէ, թե ինչ. մանրամասներ երեկ զոհված զինծառայողից
Հունվար 12 13:23 2022

 

Ինչպես հայտնել էինք, երեկ՝ հունվարի 11-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.), կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ. և շարքային Վահան Վաչագանի Բաբայանը (ծնվ. 2003թ.):

ԼՈՒՐԵՐ.com-ին հաջողվեց պարզել, որ զոհված հերոսներից մեկը՝ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը Լոռու մարզի Ալավերդի համայնքից է: Նրա մասին մանրամասներ իմանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Ալավերդիի համայնքապետ Սասուն Խեչումյանի հետ:

Նա, ցավով նշեց, որ անմահացած Ռուդիկը քաղաքի ամենասիրելի, ամենապարկեշտ և ամենաառաքինի երեխաներից մեկն էր. «Շատ լուսավոր, առաջադեմ հայրենասեր և աստվածապաշտ էր մեր էրեխեն, մի բառով՝ օրինակելի էր»,- ասաց համայնքի ղեկավարը:

Խոսելով հերոսի նախասիրություններից, նա առանձնացրեց այն, որ Ռուդիկը շատ էր սիրում եկեղեցիներ այցելել և ներկա գտնվել պատարագներին. «Սիրում էր նաև մասնակցել ճանաչողական արշավներին»,- ասաց Սասուն Խեչումյանը:

Նա մեզ հայտնեց, որ Ռուդիկը վերջին անգամ՝ ժամը 17:00-ի սահմաններում խոսել է հայրիկի հետ, բայց թե ինչ է ասել, չցանկացավ բարաձրաձայնել. «Ասելու բան չէ, թե ինչ է ասել»,- նշեց մեր զրուցակիցը: 

Ընտանիքին երեկ բոթը հայտնել է հենց համայնքապետը. «Երեկ ես կոմիսարի հետ գնացի իրենց տուն և հայտնեցի այդ չարաբաստիկ լուրը»,- ցավով ասաց նա:

Հավելենք նաև, որ ընտանիքում երկու երեխա էին, Ռուդիկը ուներ իրենից 2 տարի մեծ քույր

Նշենք, որ Ռուդիկի ֆեյսբուքյան էջում բազմաթիվ են գրառումները ծառայության վերաբերյալ, սակայն թերևս դրանցից ամենատպավորիչը իր զորակոչման ծանուցագրի նկարի հրապարակումն էր, որին կից գրել էր. «Գնում եմ, որ գամ... ժպիտով, միշտ ժպիտով»: