Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությունում հունվարի 11-ին զոհված ժամկետային զինծառայող Ռուդիկ Ղարիբյանը Լոռու մարզի Ալավերդի քաղաքից էր: Նա բանակ էր զորակոչվել 2021 թվականի փետրվարի 14-ին: Ռուդիկը սովորել է Ալավերդու պետական քոլեջի բանկային գործ բաժնում: Որպես կամավոր աշխատում էր «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպությունում:
«Իր նման մարդիկ շատ քիչ են մեր օրերում: Ռուդիկը բարի էր, մաքուր, կատակասեր էր, ու անկախ ամեն ինչից միշտ ժպտում էր: Սիրում էր լեռնագնացությամբ զբաղվել ու բացահայտումներ անել: Վերջին անգամ էլ Ախթալայի եկեղեցի էր գնացել ու ասաց, որ բանակից վերադառնալուց հետո Լենկ Թեմուրի լեռը կբարձրանա»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ռուդիկի ընկեր Լուսինե Օհանյանը:
Ռուդիկ Ղարիբյանն ուներ իրենից մեծ մեկ քույր:
Հիշեցնենք, որ ժամը 15։15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Ժամը 17։30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել էին կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։ Հայկական կողմն ունի նաեւ երկու վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։