Որ գնում եմ Համուլիս գերեզմանին, ոչ ասում եմ օղորմի, ոչ էլ՝ հանգչիր խաղաղությամբ․ զոհվածի տատիկ


Որ գնում եմ Համուլիս գերեզմանին, ոչ ասում եմ օղորմի, ոչ էլ՝ հանգչիր խաղաղությամբ․ զոհվածի տատիկ
Հունվար 4 16:40 2022

Տավուշի գերեզմանատանը երեք շիրիմ կա, որտեղ ծանոթ-անծանոթ ամեն անցնող-դարձող խունկ է ծխում ու գլուխ խոնարհում։ Գոռի, Վարուժանի ու Համլետի թարմ-թարմ թմբերի կողքին եռագույնն է սվսվում։ Սվետա տատը մեկ տարուց ավելի է, ինչ թոռնիկին՝ Համլետին, չի գրկել։ Ամեն կիրակի ամուսնու՝ Համլետ պապի հետ գերեզման է գնում։ Իր խոսքերով ասած՝ էլ ոչ ուժ է մնացել, ոչ հավատ՝ ինչ-որ բանի նկատմամբ

«Որ գնում եմ Համուլիս գերեզմանին, ոչ ասում եմ օղորմի, ոչ էլ ասում եմ  հանգչիր խաղաղությամբ։ Լուռ գրկում եմ շիրմաքարը, վերև նայում ու գոռում՝ Համուլս, Համուլս»:

Համլետի 20-ամյակը լրացել է իր քառասունքի օրը։ Մի քանի օրից էլ՝ հունվարի 11-ին, պիտի զորացրվեր։ Երևանում էր ծնվել-մեծացել, բայց համարում էր, որ տունուտեղը Տավուշում է։ Որոշել էր՝ ծառայությունից հետո էլ Տավուշ գյուղում է ապրելու, շենացնելու տունը։ Պապիկ-տատիկի Համուլը հարգված ու սիրված էր հրամանատարների կողմից։ 

«Ինչի՞ զոհվեցին մեր էրեխեքը, հայրենիքի՞։ Ի՞Նչ հայրենիք, երբ անդադար թալանում են, անխնա՝ դավաճանում։ Ես չեմ կարողանում էս հարցի պատասխանը գտնել։ Փաշինյան, հիմա դու էտ ծանրության տակ ո՞նց ես ապրում, ո՞նց ես քնում»,- մղկտում է Սվետա տատն ու փորձում գտնել հարցի պատասխանը՝ ո՞վ է մեղավոր։

Համլետը զոհվեց պատերազմի երկրորդ ամսում՝ հոկտեմբերի 30-ին։ Ջաբրայիլում մի քանի մեքենա է կանգնած եղել։ Համլետը, որպես իր ծանոթի, Բերդից Հարությունյան Յուրայի հետ է նստել նույն մեքենան, որը վայրկյաններ անց դարձել է անօդաչուի թիրախ։ Այդ օրը զոհվեց համ Յուրան, համ Համլետը․

«Համլետս կռվի ժամանակ ամեն օր զանգում ու հարցնում էր՝ երբ է պրծնելու պատերազմը, ի՞նչ են հաղորդում։ Մենք էլ ասում էինք՝ քիչ մնաց, Համուլ ջան, հաղթում ենք։ Ով որ էրեխեքին լցրել ա մեքենան, ես անիծում եմ իրեն, լույսը բացվելիս էլ, մթնելիս էլ անիծում եմ։ Ով լցրեց մեքենան ու ինքը չնստեց, յոթ պորտ թող անիծվի»,- ասում է Սվետա տատն ու դողացող ձեռքերով մաքրում արտասունքները։

 

Պատից կախված մի խաչ ունեն։ Ամեն առավոտ-իրիկուն Համլետ պապը բարձրաձայն աղոթք էր ասում։ Երբ թոռը զանգում էր, արդեն սովորել էր՝ զրույցի ավարտին պապի փոխարեն ինքն էր կրկնում՝ բարի հրեշտակները ինձ պահապան լինեն։ Հիմա էլ ոչ աղոթում են, ոչ աստծո զորությանը հավատում․

«Երբ վարչապետ դառնալուց հետո առաջին անգամ  Ազգային ժողովի ամբիոնից սկսեց խոսել, ասեցի՝ դեռ կառավարական ամբիոնն ու փողոցի միտինգն իրարից չի տարբերում։ Արցախը Հայաստան է և վերջ։ Ո՞վ չգիտեր, որ էդպես է, բայց պարտադի՞ր էր Ալիևի դիմաց կանգներ ու ասեր»,- նշում է Համլետ պապը։

Տատիկի ձեռքերով պատրաստած ամեն ինչը սիրում էր Համլետը։ Համեղ ուտելիքները, քաղցրեղենը, աղցանները Սվետա տատն այսուհետ ոչ պատրաստում է, ոչ՝ բերանին դնում։ Ասում է՝ թոռան զոհվելուց հետո չի ապրում, գոյատևում է։ 

Պապ ու տատ դեռ երկար կշարունակեն փնտրել իրենց հարցի պատասխանը՝ ո՞վ է մեղավոր իրենց թոռնիկի զոհվելու համար։

 

Հեղինակ՝ Աննա Խաչատրյան