Ստեփանակերտի Հովհաննես Այվազովսկու անունը կրող փողոցում դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել մեծ ծովանկարչի կիսանդրու բացման արարողությունը։
Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ռուսական «Փառքի ծառուղի» նախագծի շրջանակներում։
Հովհաննես Այվազովսկու կիսանդրու հեղինակն է ռուս քանդակագործ Միխայիլ Սերձյուկովը։ Հուշարձանի բացման պատիվը տրվել է ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի սպա, մայոր Սերգեյ Լազևին և Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գայանե Գրիգորյանին։
Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը «Արցախպրեսի» հետ զրույցում ընդգծել է, որ հայը մնում է աշխարհի մշակութային գանձարանին ամենաշատ արժեքները տված ազգը։
«Այվազովսկու կտավներում արտացոլված են հայկական խնդիրը, հայ էթնոսի, ազգային հիշողության ցավերը, տառապանքներն ու ցասումը։ Եվ նրա շատ ու շատ կտավներ արտահայտում են այսօրվա մեր իրականությունը»,- ընդգծել է Ղարախանյանը։
«Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանի խոսքով`աշխարհին հայտնի Հովհաննես Այվազովսկու անունը, իրավամբ, համարվում է հայ ժողովրդի յուրօրինակ այցեքարտը։
«Ծովանկարիչը հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշն է, իսկ նրա արվեստը՝ միավորող, մնայուն, համամարդկային»,- նշել է նա։